Սահմանադրության տեքստը դեռ Ներածություն չունի․ Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այս պահին ներկայացված Սահմանադրության նախագծում Ներածություն չկա, մինչդեռ Անկախության հռչակագրին հղումը հենց Ներածության մեջ է։

Նրա խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են կառավարությունում և իշխող խմբակցությունում, իսկ ամբողջական տեքստը, ներառյալ Ներածությունը, կհրապարակվի ավելի ուշ։

Գալյանը նաև չբացառեց, որ նոր տեքստը կարող է հրապարակվել մինչև խորհրդարանական ընտրությունները՝ միաժամանակ նշելով, որ դա վերջնական տարբերակը չի լինելու և հետագայում կարող է փոփոխվել։

Ըստ էության, Անկախության հռչակագրին վերաբերող հարցը կորոշվի իշխանության ներսում, իսկ վերջնական լուծումը կձևակերպվի արդեն քվեարկությամբ։

Գալյանը միաժամանակ պնդեց, թե Հայաստանը չպետք է ունենա խաղաղության օրակարգին հակասող իրավական ակտեր՝ այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ որ իրավական ակտի կամ ձևակերպման մասին է խոսքը։