Իսրայելի հարվածներից այսօր առավոտյան Բեյրութի կենտրոնում առնվազն 12 մարդ է սպանվել։ Այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Բաստա և Զուքաք ալ-Բլատ թաղամասերում իրականացված հարվածների հետևանքով վիրավորների թիվն անցում է 40-ը։
Իսրայելը շարունակում է ուժեղացնել իր հարձակումները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ։ Եթե մինչ այժմ Բեյրութում հիմնականում թիրախավորվում էին հարավային արվարձանները, ապա այս անգամ հարվածներ են հասցվել նաև քաղաքի կենտրոնական հատվածներին։
Նախօրեին Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ «խորը մտահոգություն» էին հայտնել «Լիբանանում բռնության սրման կապակցությամբ»:
«Հեզբոլա»-ի հարձակումները Իսրայելի և քաղաքացիական անձանց վրա պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն: Մենք դատապարտում ենք «Հեզբոլա»-ի որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, ինչն է՛լ ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված էր հայտարարության մեջ:
Նշվում էր նաև, որ Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը կործանարար հումանիտար հետևանքներ կունենա և կարող է երկարատև հակամարտության հանգեցնել։