«Կլինիկական մահ» ախտորոշմամբ մեկ տարեկան երկու ամսական փոքրիկ է գիշերը «Արաբկիր» բուժկենտրոն տեղափոխվել: Տեղեկությունը այսօր առավոտյան Shamshyan.com-ը տարածեց, ըստ օպերատիվ տվյալների՝ տղան ծեծված է:
Բուժկենտրոնից փոխանցում են` երեխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ է:
Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ հոգի ձերբակալված է:
«Իմ աղջիկը կապ չունի բոլորովին, բոլորովին, բոլորովին». - փոքրիկի տատիկին «Ազատություն»-ը Արարատի մարզի գյուղերից մեկում գտավ, քիչ անց երեխայի ծննդականի հետևից այստեղ եկավ նաև մայրը.
«Երեխան հիմա լավ ա, խնդրում եմ», - ասաց կինը: «Ազատության» հարցին՝ «կյանքին վտանգ չի՞ սպառնում», նա արձագանքեց. - «Ոչ, այս պահին երեխան լավ ա, ինչ-որ բան որ լինի, ես կասեմ: Ինձ ասում են՝ էրեխու մոտ գլխին հեմատոմա ա, չգիտեմ, խփելուց»:
21-ամյա կինը պատմեց՝ փոքրիկին նախկին ամուսնու մոտ էր թողել, մինչև ինքը վարձով տուն գտնի. - «Ուղղակի էրեխուն տարել էի, էնտեղ ավելի ապահով էր, էլի, ես չգիտեի ինչ կարա լինի: Ուզում էինք տուն վարձեինք, որ էրեխուն տանեինք, էլի, պահեինք, տենց ստացվավ»:
Նրա խոսքից հասկացանք, որ նախկին ամուսնու տանը այլ կին կամ կանայք կան, զանազան ամուսնություններից ծնված երեխաներ: Փոքրիկին ծեծելու կասկածանքով ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է, նաև՝ իր ընկերուհին, ասում է՝ «չեմ հավատում, որ նա է խփել». - «Հա, անկեղծ, չեմ տեսել էրեխուն խփի, չնայած չեմ էլ հավատում, որ ինքը կարա արած լինի»:
Հարցին՝ «բա ո՞վ, ձեր ամուսի՞նը», արձագանքեց. - «Չեմ կարա ասեմ: Կամ կողից ինչ-որ մարդ էկած լինի ... ընկերուհին էլ կարա լինի, բայց իրանից չեմ սպասում»:
Ի՞նչ պիտի լինի, որ մի տարեկան փոքրիկին մահվան դուռը հասցնեն ծեծելով, մայրն ասում է՝ չգիտի ինչ է եղել, նախկին ամուսինը զանգերն անպատասխան է թողնում: Ինքն էլ երեխայի վիճակի մասին մոտավոր պատկերացում ուներ, որովհետև «Արաբկիր» բուժկենտրոնում նրան թույլ չէին տվել տեսակցել փոքրիկին, պիտի մայրությունը հաստատող փաստաթուղթը՝ ծննդականը տաներ. - «Ինձ էլ հստակ բան չեն ասում, անգամ չեն թողում մտնեմ մոտը»:
Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա կնոջ չորրորդ երեխան է, զույգ տղաներին, ըստ համագյուղացիների, մանկատուն են տարել, իսկ այս գյուղում տատիկի խնամքին է մնացել երեքամյա աղջնակը, առաջին, երկրորդ և երրորդ հայացքից՝ կենցաղային վատ պայմաններում, ու նաև մայրիկի շուրջ ստեղծված անառողջ հարաբերությունների մթնոլորտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 1 տարեկան 2 ամսական երեխա. կա ձերբակալված