Ի՞նչ և ինչպե՞ս է Մոսկվան շահում Մերձավորարևելյան բախումներից
Իսրայելի և Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ սկսած պատերազմը բերել է էներգետիկ ճգնաժամի: Թեհրանը փաստացի փակ է պահում Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի պաշարների 20 տոկոսը: Այժմ մեկ բարել նավթը վաճառվում է ավելի քան 100 դոլարով, չնայած ռազմավարական պահուստներից 400 միլիոն բարել բաց թողնելու՝ Միջազգային էներգետիկ գործակալության որոշմանը։
Սա վատ լուր է սպառողների, բայց լավ լուր՝ Կրեմլի համար, որն աշխարհում 3-րդն է նավթի արտահանման ծավալներով։
Ռուսաստանն, ըստ Էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի տվյալների, Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր ստացել է մոտ 6 միլիարդ եվրո եկամուտ՝ բրածո վառելիքի արտահանումից։
Վերլուծությունը ցույց է տվել, որ Մոսկվան մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր հավելյալ մոտ 510 միլիոն եվրոյի շահույթ է ստացել, ինչը 14 տոկոսով ավելի է փետրվարի օրական միջին ցուցանիշից։
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես՝ մեկ ամսով թուլացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները՝ պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար: Ըստ այդմ, ռուսական նավթն անարգել կարող է վաճառվել մինչև ապրիլի 11-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան գոհ է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումիցԱվելի մեծ պահանջարկ և ավելի բարձր գին
Ընդդիմախոսները զգուշացնում են՝ պատժամիջոցների մեղմացումը կարող է խթանել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ՝ թույլ տալով Մոսկվային էներգակիրները վաճառել ավելի թանկ ու վերադառնալ ավելի շահութաբեր շուկաներ:
Բացի այդ, Ծոցի մի շարք երկրներ, այդ թվում՝ Կատարի խոշորագույն բնական գազ մատակարարող QatarEnergy-ին կասեցրել է վառելիքի արտահանումը՝ Իրանի թիրախավորումից հետո։ Պակասը կարող է լրացնել Մոսկվան՝ ավելացնելով ռուսական գազի մատակարարման ծավալները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի կանցլերը սխալ է համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումըՉնայած սրան, էներգետիկ փորձագետները զգուշացնում են՝ դեռ շատ վաղ է Մոսկվային հաղթած համարել:
Իրանական ճգնաժամը Ռուսաստանի տնտեսության համար լուծում կլինի՞, թե՞ ոչ՝ կախված է նրանից, թե որքան կշարունակվի այս մի պատերազմը։
Ռուսաստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Վլադիմիր Միլովի պնդմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունում էական տարբերություն կլինի, եթե նավթի գները ներկայիս մակարդակին մնան մոտ մեկ տարի:
Եվս մեկ պատճառ կա, որ Մոսկվան կցանկանար՝ Իրանում պատերազմը երկարաձգվեր. այն հյուծում է Վաշինգտոնի զինանոցը՝ ստիպելով յուրաքանչյուր օր սպառել պաշարները, որոնց վրա Կիևը հույս էր դրել:
Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանը նաև Իրանին տրամադրում է հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ ռազմանավերն ու ինքնաթիռները թիրախավորելու համար։