Կառավարությունը պետական աշխատողներին մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի: Եթե 2025-ի առաջին կիսամյակի արդյունքներով պարգևատրումներին 3.6 միլիարդ դրամ էր ուղղվել, ապա ընտրություններին ընդառաջ՝ տարվա մյուս կեսի համար, նրանց աշխատանքն էլ ավելի բարձր է գնահատվել, գումարն էլ կառավարությունը մեկ միլիարդով ավելացրել է:
Փաշինյանի կաբինետն այսօր որոշումը միաձայն ընդունեց: 4.6 միլիարդը կառավարությունը կտա պահուստային ֆոնդից, իսկ պարգևատրումներն աշխատողները մինչև ընտրություններ կստանան:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանն ընտրությունների նախաշեմին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի մեջ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր է տեսնում. «Ընտրությունների նախօրյակին է այս ամենը լինում, և սա արդեն այլ պատմություն է, որ բնականաբար ստանալով այդքան գումար՝ նրանք պիտի շնորհակալ լինեն դրա համար, - ասաց նա՝ շարունակելով, - Սա քրեորեն պատժելի առարկա չէ զուտ բարոյական իմաստով: Արդեն պարզ է, որ այս ամենը երբ որ արվում է ընտրություններից առաջ, այսինքն՝ անընդհատ այս երևույթը կար, այնպես չէ, որ սա նոր է, խնդիրը մասշտաբների մեջ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիների եկամուտների տարբերությունը ՀայաստանումՎերընտրության ձգտող վարչապետ Փաշինյանի տեսակետն այն է, որ միլիարդների պարգևավճարը հենց հակակոռուպցիոն քայլ է. «Այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների ենք արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ ենք անում»:
Աշխատանքի գնահատման ծրագիրը պետական պարտքը գրեթե կրկնապատկած կառավարությունը անցած տարեվերջին ներդրեց՝ համալիրում մի քանի հազար պետական մարմինների աշխատակիցների հետ վարչապետի հանդիպումից հետո՝ որոշելով 2025- 26 թվականների համար աշխատավարձից բացի նրանց նաև հավելյալ միջոցներ տրամադրել:
Ինքը՝ Փաշինյանը չհաշված աշխատավարձը, այդ հատկացումների հաշվին, ըստ «Հետքի», 12 միլիոն պարգևավճար էր ստացել, արդարադատության նախարարը 6-7 միլիոն դրամի մասին էր խոսել: Մոտ 3-ական միլիոն Ամանորի նախօրեին ԱԺ 107 պատգամավորների հաշվեհամարներին էր նստել:
Իսկ ո՞վ գիտի՝ ո՞ր պետական մարմնի, ո՞ր աշխատողն ինչի համար է պարգևատրվում, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» փորձագետն ասում է՝ կատարողականի արդյունքները չեն հրապարակվում, ուստի չկա թափանցիկություն :
«Բացի բարձր աշխատավարձից, որը անհրաժեշտ պայման է կոռուպցիան նվազեցնելու, պետք է հաշվի առնել նաև թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության մեխանիզմների առկայությունը։ Մի քիչ կասկածում եմ, որ դա կա, համենայն դեպս, եթե այդպես է, պետք է գոնե թափանցիկ ձևով մենք տեսնեինք՝ կոնկրետ ինչի համար եղել է պարգևատրում։ Պարգևատրել բառը արժեզրկում է այս ձևով, եթե այսպես է արվում։ Օրինակ, հնարավոր է, որ մենք տեսնենք, որ առանձնապես բան չի արվել»։
Վարչապետ Փաշինյանն այսօր երկար հիմնավորեց իր թիմի որոշումը՝ այդ ընթացքում շատ ուղիղ կապ տեսնելով պարգևավճարների ու, ինչպես նշեց, հաստատված խաղաղության միջև. «Այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ։ Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաև որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է, և այդ համակարգային աշխատանքը կատարում են մարդիկ: Այդ համակարգային աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչքանով են մարդիկ իրենց աշխատանքի մեջ ոչ միայն մոտիվացված, այլև օբյեկտիվ պայմաններով ապահովված իրենց աշխատանքի վրա գերկենտրոնացած լինելու»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատգամավորները ցածր են ստանում, դա մեծագույն խնդիր է». Ալեն ՍիմոնյանԴեռ անցած տարեվերջին, երբ առաջին կիսամյակի միլիարդավոր պարգևավճարների սկանդալը պայթեց, Փաշինյանի թիմակից ԱԺ նախագահը շատ ավելի կենցաղային բացատրություն էլ ուներ. «Այն մարդիկ, ովքեր այսօր տատիկ-պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների, խաղաղություն են բերում և պետության բոլոր ուղղություններով աշխատում են և ամեն Աստծո օր ամեն ինչի մեջ մեղադրվում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն»:
Վարչապետն այսօր կառավարության նիստում պահանջեց խնդիրը նաև տեղական իշխանությունների մակարդակում լուծել, անգամ տարածքային կառավարման նախարարին դիմելով ինչ-ինչ պրոցեսներից խոսեց. «Չեմ կարող այս բանը հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»։
Թե ի՞նչ պրոցեսներ նկատի ուներ, արդյոք դժգոհությունները, չիմացվեց: Համենայն դեպս, կառավարության որոշմամբ բոլոր մարզպետարանների աշխատակազմերը ևս կպարգևատրվեն:
Վերջին մի քանի ամիսում պարգևավճարների վրա 21.5 միլիոնից ավելի ծախսած կառավարությունն այս տարի բյուջեի դեֆիցիտը փակելու համար մտադիր է ևս 1.4 միլիարդ դոլարի պարտք վերցնել: