Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարություն են տարածել՝ Իրանի պատերազմին առնչվող Մերձավոր Արևելքի երկների ղեկավարների հետ անցկացրած տեսակոնֆերանսից հետո։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նրանք տեսակետներ են փոխանակել Հայաստանի, Թուրքիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Քաթարի, Քուվեյթի, Միացյալ Արաբական Էմիությունների, Սաուդյան Արաբիայի և Օմանի ղեկավարների հետ՝ քննարկելով Իրանի պատերազմին առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները և էներգետիկ անվտանգության վրա դրա ազդեցությունը։
Նրանք կրկին ամենախիստ ձևով դատապարտել են իրանական հարձակումները և հայտնել լիակատար համերաշխություն տարածաշրջանի բնակչությանը։
Նախագահները նաև շնորհակալություն են հայտնել տարածաշրջանի ղեկավարներին՝ տասնյակ հազարավոր եվրոպացիների հայրենադարձության գործում ցուցաբերած աջակցության համար։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Եվրոպական միությունը տարածաշրջանի վաղեմի, հուսալի գործընկեր է այս դժվարին պահերին և պատրաստ է ամեն կերպ նպաստել իրավիճակի լիցքաթափմանը և բանակցային սեղանի շուրջ վերադարձին։
«Չնայած միջազգային կանոնների վրա հիմնված կարգը լարվածության մեջ է, մենք խորապես համոզված ենք, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը առաջ շարժվելու միակ կենսունակ ճանապարհն են», - ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական գրությամբ ԵՄ-ն վերահաստատում է Իրանի գործունեության վերաբերյալ իր դիրքորոշումը՝ կոչ անելով դադարեցնել միջուկային ծրագիրն ու սահմանափակել բալիստիկ հրթիռային ծրագիրը։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաները դատապարում են նաև Իրանի ռեժիմի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացվող բռնությունները։
Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը, կոչ արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին հարգել միջազգային իրավունքն ու միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին հետևելու պարտականությունը։
Կոշտան ու Ֆոն դեր Լայենը հիշեցրել են իրենց ծովային պաշտպանական ASPIDES և ATALANTA գործողությունների կարևորությունը, որոնք ուղղված են կարևորագույն ջրային ուղիների պաշտպանությանը և կենսականորեն կարևոր մատակարարման շղթաների խափանումների կանխարգելմանը:
Հաղորդագրության մեջ խոր մտահոգություն են հայտնել նաև Լիբանանի վրա տարածաշրջանային ճգնաժամի ազդեցության վերաբերյալ, որ ծանր ազդեցություն է թողում քաղաքացիական բնակչության վրա և մեծածավալ տեղաշարժերի պատճառ է դարձել։ Նախագահներն ընդգծել են քաղաքացիականների պաշտպանության և Լիբանանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Ֆոն դեր Լայենը հայտարարել է, ReliefEu-ի պաշարների մոբիլիզացիան Լիբանանում մոտ 130,000 մարդու կաջակցի, և առաջին չվերթը նախատեսված է վաղը։
Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարները, ըստ հաղորդագրության, ներկայացրել են իրենց վերլուծությունը իրավիճակի վերաբերյալ, քննարկել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի փակման ազդեցությունը համաշխարհային էներգետիկ անվտանգության վրա, ինչպես նաև ուսումնասիրվել են Մերձավոր Արևելքի գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու ուղիները՝ այս ռիսկերը մեղմելու համար։
Նրանք նաև համաձայնել են պահպանել սերտ կապ և համագործակցել՝ ցանկացած նոր զարգացում գնահատելու և խաղաղության հասնելու ուղղությամբ։
Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին. վարչապետ
Տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:
Վարչապետը կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը նոր գերագույն առաջնորդ է ընտրել, Փաշինյանը շնորհավորել է