Ի՞նչ կլինի, եթե Իրանը բաց թողնի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. երբ սպորտը բախվում է քաղաքականությանը

Մերձավոր արևելքում սկսված պատերազմի պատճառով հնարավոր է, որ Իրանը չմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի երեք ամսից՝ հունիսին Միացյալ Նահանգներում և կանցկացվի Կանադայի և Մեքսիկայի հետ համատեղ։

Մինչ այժմ չի եղել դեպք, երբ աշխարհի առաջնության ուղեգիր ստացած երկիրը պատերազմական վիճակում լինի մրցաշարը հյուրընկալող պետության հետ։ Ի՞նչ ակնկալել, եթե Իրանի ազգային հավաքականը, որը երկրում հայտնի է որպես Team Melli, որոշի ի վերջո չմեկնել աշխարհի ամենամեծ մարզական մրցաշարին:

Եվ այդ դեպքում ո՞վ կարող է փոխարինել նրանց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի մասնակցությունը 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ կասկածի տակ

Նույնիսկ մինչև այս պատերազմը Իրանի ու Նահանգների միջև հարաբերությունները ծայրաստիճան սրված էին՝ անցած տարվա 12-օրյա պատերազմից հետո։ Միացյալ Նահանգները արգելել էր իրանցիների մուտքը Ամերիկա, ինչի հետևանքով իրանցի պատվիրակներն անցած տարի չէին կարողացել Վաշինգտոն մեկնել՝ մասնակցելու ֆուտբոլի առաջնության վիճակահանությանը։ Միաժամանակ, ՖԻՖԱ-ից հայտարարել էին, որ ուզում են «անվտանգ աշխարհի առաջնություն կազմակերպել՝ բոլոր թիմերի մասնակցությամբ», իսկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էլ պնդել էր, որ մրցաշարի մեկնարկին՝ հունիսի 11-ին, ողջունելու են բոլոր թիմերին:

Արդյոք նրանց շարքում կլինի Իրանի հավաքականը՝ Թեհրանից պաշտոնական պատասխան դեռ չկա։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջն է միայն օրերս՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածներից կարճ ժամանակ անց հայտարարել՝ «մենք չենք կարող հույսով նայել ապագային՝ Աշխարհի առաջնությանը․ մարզական ղեկավարները հետագայում կորոշեն մեր մասնակցության հարցը»։

Թեև այս պահին՝ արդեն շուրջ մեկ շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում ֆուտբոլը շատ իրանցիների համար գուցե առաջնահերթություն չէ, բայց շատերն են Խաղերի բացմանը սպասել։

«Դա ռեժիմի թիմը չէ, դա Իրանի ժողովրդի թիմն է։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ մինչև աշխարհի առաջնությունը Իրանը կլինի ազատ երկիր, որպեսզի մենք բոլորս կարողանանք այստեղ միասին տոնել Team Melli-ի հետ», - ասել է իրանական «Արյա» ֆուտբոլային ակումբի խաղացող Սաշա Հոշաբեհը։

Ֆուտբոլը երկրի ամենահայտնի մարզաձևն է։ Իրանը Ասիայի առաջնության կրկնակի չեմպիոն է և մասնակցել է վերջին երեք աշխարհի առաջնություններին։ Այն առաջին թիմերից էր, որ ապահովեց իր տեղը այս տարվա մրցաշարում։

Ի՞նչ կլինի, եթե Թեհրանն, այդուամենայնիվ, որոշի հրաժարվել մասնակցությունից

Ամենապարզ լուծումը կլինի Իրանի փոխարեն հրավիրել մեկ այլ ասիական հավաքականի․ այդ երկրների թվում կարող են լինել Իրաքը կամ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ երկու պետություն, որոնց Իրանը վերջին օրերին անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել:

Իրաքը մարտի վերջին Մեքսիկայում միջմայրցամաքային փլեյ-օֆֆի խաղ կանցկացնի Բոլիվիայի կամ Սուրինամի դեմ։ Հաղթանակի դեպքում այն կստանա աշխարհի առաջնության ուղեգիր։ Եթե Իրաքը պարտվի, իսկ Իրանը հրաժարվի մասնակցությունից, այն դեռ կարող է ընտրվել որպես փոխարինող։

ԱՄԷ-ի մասնակցությունը ավելի քիչ է հավանական։ Դրա համար, հավանաբար, պետք կլինի, որ Իրաքը փլեյ-օֆֆով որակավորվի, իսկ Իրանը դուրս մնա մրցաշարից։

Սակայն ժամանակը սուղ է։ Եթե իրավիճակը վատթարանա մրցաշարի մեկնարկից անմիջապես առաջ, ՖԻՖԱ-ն կարող է գնալ կառուցվածքային փոփոխությունների, ոչ թե վերջին պահին փոխարինող թիմ հրավիրել։

Առայժմ մրցաշարի կազմակերպիչները շարունակում են պատրաստվել ըստ նախատեսված պլանի, սակայն դեռ նման դեպք չի եղել, որ աշխարհաքաղաքականությունը այսքան մեծ ազդեցություն ունենա աշխարհի խաղերի վրա: