Պակիստանը օդային հարվածներ է հասցրել «Թալիբան»-ի թիրախներին Աֆղանստանի երեք քաղաքներում

Պակիստանը գիշերը օդային պատասխան հարվածներ է հասցրել «Թալիբան» շարժման կառավարական թիրախներին Աֆղանստանի երեք խոշոր քաղաքներում այն բանից հետո, երբ թալիբները անցած երեկո հայտարարեցին սահմանին մոտ պակիստանյան ռազմական դիրքերի վրա լայնածավալ հարձակման մասին։

Պակիստանը հրթիռակոծել է «Թալիբան» շարժման ռազմական գրասենյակները և հենակետերը Քաբուլում, Պակտիայում և Ղանդահարում, որտեղ գտնվում է նաև «Թալիբան»-ի գլխավոր շտաբն ու հոգևոր առաջնորդի կեցավայրը: Իսլամական պետությունների միջև նաև եղել են ցամաքային բախումներ մոտ 2600 կմ ընդհանուր սահմանի մի քանի հատվածներում։

Կողմերը տարբեր թվեր են ներկայացնում կորուստների մասին: Պակիստանի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ գիշերվանից «Թալիբանի» 274 պաշտոնյա ու զինյալ է սպանվել, խոցվել է 22 թիրախ, սպանվել է նաև պակիստանցի 22 զինվոր: Վարչապետի հրահանգով գործողությունները շարունակվում են, ասել է նա:

Մինչ այդ էլ կառավարության խոսնակ Մոշարաֆ Զաիդին հայտնել է, որ վիրավորվել ավելի քան 200 թալիբ զինյալ, ոչնչացվել և գրավվել են թալիբների երկու տասնյակից ավելի դիրքեր:

Մինչդեռ աֆղանական կողմը պնդել է, թե Նանգարհար նահանգում սպանվել է 55 պակիստանցի զինվոր և գրավվել 19 դիրք, իսկ թալիբներից սպանվել է ութ, վիրավորվել՝ 11-ը: Զոհեր և վիրավորներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում։ Նանգարհարի հիվանդանոց բազմաթիվ վիրավորներ են բերվել:

«Մենք վրանում էինք, երբ ամեն ինչ սկսվեց։ Հետո սկսեցին ծանր զինատեսակներ կիրառել: Ինչ-որ բան ընկավ… և կնոջս ձեռքը լրջորեն վնասվեց, զարմիկս նույնպես վիրավորվեց, երկուսն էլ ծանր վիճակում պառկած են հիմա», - նշել է Նանգարհարի բնակիչ Շեր Զաման:

Արդեն առավոտյան Քաբուլում վիճակը հանգիստ է եղել, բնակիչները մանրամասներ են պատմել գիշերվա իրադարձություններից

«Գիշերվա ժամը 2-ն էր։ Մենք ընկերների հետ էինք։ Նրանք ասացին, որ գուցե պայթյուն է կամ երկրաշարժ… Հրաձգության թույլ ձայներ էին լսվում։ Մի փոքր սպասեցինք, հետո դուրս եկանք», - ներկայացրել է Քաբուլի բնակիչ Ահմադ Խանը։

Մեկ այլ բնակիչ էլ՝ Աբդուլ Գաֆուրը պատմել է. «Պայթյունի ձայն լսվեց, և մենք արթնացանք … Չգիտեմ, թե որտեղ էր պայթյունը։ Ոմանք ասում են, որ հարձակվել են Դարուլ-Ամանի տարածքի վրա, ոմանք էլ ասում են՝ օդանավակայանի վրա»։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ զինված ուժերը միշտ պատրաստ են պաշտպանել երկրի անվտանգությունը, ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականությունը և կարող են լիովին ջախջախել երկրի նկատմամբ ցանկացած ագրեսիա:

«Պակիստանի զինված ուժերը վճռականորեն տրամադրված են թույլ չտալու, որ երկրի խաղաղությունն ու անվտանգությունը որևէ պարագայում վտանգվեն», - ասել է վարչապետը։

Պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ սա «ակնհայտորեն պատերազմ» է։ «Մեր համբերության բաժակը լցվել է», - սոցցանցում գրել է Խավաջա Մուհամմադ Ասիֆը։

Աֆղանստանը հայտարարել է, որ կպատասխանեն, եթե հարձակման ենթարկվեն: Ավելի ուշ կառավարության խոսնակը հայտարարել է, որ ցանկանում են խնդիրը լուծել երկխոսությամբ:

Այսօր լարվածության նվազեցման հարցը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի պաշտոնակիցների հետ քննարկել է Պակիստանի արտգործնախարարը, մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:

Իրանը, Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել նպաստելու երկու երկրների միջև երկխոսությանը, Չինաստանն էլ կոչ է արել նստել «բանակցությունների»՝ հակամարտությունը դադարեցնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն էլ կողմերին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները:

Պակիստանը տասնամյակներով սերտ հարաբերություններ է ունեցել աֆղանական թալիբների հետ և ողջունել է նրանց վերադարձը իշխանության 2021-ին: Սակայն շուտով պարզվեց, որ թալիբներն այնքան էլ տրամադրված չեմ համագործակցելու, ինչպես ակնկալվում էր և հարաբերությունները սկսեցին աստիճանաբար լարվել:

Պակիստանը պնդում է, որ «Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան» զինյալ խմբավորման ղեկավարությունը և դրա շատ զինյալներ գտնվում են Աֆղանստանում, և որ զինված ապստամբները, որոնք ձգտում են Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի անկախությանը, Աֆղանստանն օգտագործում են որպես անվտանգ ապաստան:

Պակիստանն Աֆղանստանին նաև մեղադրում է սահմանին հարձակումներ իրականացնող զինյալներին թաքցնելու համար: «Թալիբան»-ը, սակայն, հերքում է մեղադրանքը:

«Թալիբան»-ն իր հերթին պնդում է, որ Պակիստանը թաքցնում է իր թշնամի՝ «Իսլամական պետության» զինյալներին: Իսլամաբադն էլ սա է հերքում:

Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումներ տեղի ունեցան նաև անցած հոկտեմբերին, որոնց հետևանքով կողմերը տասնյակ կորուստներ ունեցան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Աֆղանստան-Պակիստան երկխոսությունը խթանելու համար. ԱրաղչիՊակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումներ են սկսելՊակիստանն ու Աֆղանստանը ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքովԱֆղանստանում Պակիստանի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ