Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են ապրիլի սկզբին արգելափակել Telegram հավելվածը, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին, որոնք ասել են՝ որոշումը վերջնական է:
«Արգելափակման քննարկվող պատճառների թվում նրանք նշել են անօրինական գործողություններ կատարելու նպատակով վերջերս մարդկանց, այդ թվում՝ անչափահասների, հավաքագրելու դեպքերի աճը»,- գրում է РБК-ն։
Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսկոմնադզորը, ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել РБК-ի տեղեկությունը։ «Գործակալությունը ոչինչ չունի ավելացնելու այս հարցի վերաբերյալ նախկինում հրապարակված տեղեկատվությանը»,- հայտարարել է գերատեսչությունը:
Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի աղբյուրը The Bell-ին հաստատել է Telegram-ի արգելափակման մասին լուրը։ Հեռահաղորդակցության ոլորտի երկու աղբյուր նույնպես նշել են, որ Կրեմլն արդեն որոշել է ամբողջական արգելափակում մտցնել։
«Մեկուկես ամսից ինչ-որ բան կարող է փոխվել. ամեն դեպքում իշխանությունները տարբեր կարծիքներ ունեն այս հարցի վերաբերյալ: Բայց առայժմ տեղեկատվությունը հետևյալն է. ապրիլի 1-ից սկսած կլինի ամբողջական արգելափակում»,- ասել է բջջային օպերատորներից մեկի ներկայացուցիչը:
The Bell-ի մեկ այլ աղբյուր հաստատել է, որ օպերատորները նամակներ են ստացել, որոնցում պահանջվում է, որ նրանք չընդդիմանան արգելափակմանը: Այդպիսի նամակ ուղարկվել էր նաև YouTube-ի դանդաղումից առաջ:
Ավելի վաղ Ռուսաստանի թվային զարգացման նախարար Մաքսութ Շադաևը խոստացել էր, որ իշխանություններն առայժմ չեն սահմանափակի Telegram-ի օգտագործումը առաջնագծում։Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ մի շարք պատերազմամետ բլոգերներ և հասարակական գործիչներ խիստ քննադատեցին Telegram-ի սահմանափակումները՝ նշելով, որ Ուկրաինայում գտնվող ռուսական զորքը մեսենջերն ակտիվորեն օգտագործում է որպես կապի միջոց։
Շադաևը նաև պնդել էր, որ օտարերկրյա հետախուզական գործակալությունները հասանելիություն ունեն Telegram-ի նամակագրությանը։ Նա նշել էր, որ ստացված տվյալներն օգտագործվում են ռուսական բանակի դեմ ռազմական գործողություններում։
Telegram-ը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարության պնդումը, որ մեսենջերի կոդավորման համակարգը կոտրել են, «միտումնավոր կեղծիք է»։