Մայր Աթոռը դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և Հայաստանից ելքի արգելքը

Armenia-Mayr Ator church Ejmiatsin, 15June2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:

Մայր Աթոռը անհիմն և անօրինական է որակում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ գործողությունները՝ ընդգծելով՝ դրանք «կրում են ընդգծված քաղաքական բնույթ»։

«Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը» - ասված է հայտարարությունում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում «անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը»։

Մայր Աթոռից չեն հստակեցրել՝ այս պայմաններում ինչպես են անցկացնելու Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը, արդյոք այն հետաձգվել է, թե հեռավար կանցկացվի:

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի նկատմամբ և արգելել Գարեգին երկրորդին լքել երկիրը: Քննչական կոմիտեի՝ փոխանցմամբ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը՝ մեղադրյալ