Վենսը կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ոստիկանները փակել էին հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները։

ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել երեկ: Նա հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Վենսը Հայաստանից կմեկնի Ադրբեջան:

Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է:

  • Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, և առաջինը, ով կայցելի Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։
  • Չեյնին նույն տարում այցելել էր նաև Վրաստան, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Թբիլիսի էր այցելել 2005 թվականին։ Ջո Բայդենը ևս Վրաստան էր այցելել 2009 թվականին՝ փոխնախագահի պաշտոնում։
  • Վենսի այցը տեղի է ունենում օգոստոսին Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրերի ստորագրումից վեց ամիս անց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենս. «Հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ այցելում է Հայաստան»