Պեկինը «բացահայտ սուտ» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները գաղտնի միջուկային փորձարկումների մասին

Չինաստանի ԱԳՆ շենքը, արխիվ

Չինաստանը հերքել է գաղտնի միջուկային պայթուցիկ փորձարկումներ անցկացնելու՝ ԱՄՆ-ի մեղադրանքը։ «Բացահայտ սուտ» որակելով Վաշինգտոնից հնչող հայտարարությունները՝ Պեկինը պնդել է, թե Նահանգները պատրվակ է գտնում սեփական փորձարկումները սկսելու համար, հաղորդում է «Ֆրանսպրես»-ը։

Անցած ուրբաթ Ժնևում՝ ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս ԴիՆանոն մեղադրել էր Չինաստանին փորձարկումներ անցկացնելու համար, այդ թվում՝ 2020 թվականի հունիսի 22-ին, հավելելով, որ Պեկինը նաև նախապատրաստվում է մեծ ծավալներով նոր փորձարկումների։

«ԱՄՆ մեղադրանքները լիովին անհիմն են», - AFP-ին ուղղված հայտարարության մեջ պնդել է Չինաստանի արտգործնախարարությունը՝ հորդորելով Միացյալ Նահանգներին «անհապաղ դադարեցնել իր անպատասխանատու գործողությունները»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կսկսի միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «հավասար հիմունքներով»՝ Մոսկվայի և Պեկինի հետ։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն, չէր մանրամասնել, թե ինչ միջուկային փորձարկումներ է ցանկանում վերսկսել։

ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս ԴիՆանոն իր հերթին կոչ է արել եռակողմ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ միջուկային զենքի նոր սահմանափակումներ սահմանելու համար։ Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև 2010-ին ստորագրված պայմանագրի՝ New START-ի գործողության ժամկետի ավարտից հետո։

Չինաստանն արդեն մերժել է «այս փուլում» զինաթափման բանակցություններին միանալը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայն են, որ անհրաժեշտ է վերսկսել միջուկային բանակցությունները. Պեսկով