Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ դառնալու «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը կհաստատի Ադրբեջանի անդամակցությունը «Խաղաղության խորհրդին», և անհրաժեշտ քայլեր կիրականացվեն սահմանված՝ ընթացակարգերին համապատասխան։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել իր մասնակցությունը միջազգային համագործակցության, խաղաղության և կայունությանն ուղղված նախաձեռնություններին։

Երեկ Հայաստի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել էր, որ ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին։


Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածի համար «Խաղաղության խորհրդի» կազմը, որում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Գաբրիելը: Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեն կգլխավորի Ալի Շաաթը, ով ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում, իսկ կապող օղակը «Խաղաղության խորհրդի» և Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի միջև կլինի բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ. Թրամփ