Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ Փառանձեմ Հովհաննիսյանն առավոտյան երեխաներին ուշ է դպրոց տարել, դժգոհեց՝ բակից մինչև դպրոց փողոցները սառցապատ էին:
«Ոչ մի մաքրող տեխնիկա, ամբողջը սառած», - ասաց նա:
4 օր առաջ էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել վարչական շրջանների աշխատանքից, հարցնելով՝ հունվարի 1-3-ը որտե՞ղ էին ձյունը մաքրող թաղապետարանների աշխատակիցները, որոնք պետք է աջակցեին «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի գործընկերներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավինյանը հարցնում է՝ հունվարի 1-3-ին որտե՞ղ էին ձյունը մաքրող թաղապետարանների աշխատակիցներըՎարչական մի քանի շրջաններ էլ, ըստ Ավինյանի, իրենց տարածքները չմաքրած տնտեսվարողներին չէին տուգանել: Բարկացել էր՝ «լավամարդ լինելը լավ բան չէ»:
Այս դժգոհությունից 4 օր անց՝ երեկ գիշերը նորից առատ ձյուն տեղաց: Բազմազավակ կինը, որ առավոտյան երեխաներին սահելով էր դպրոց հասցրել, դասերից հետո վերադարձի ճանապարհն էլ էր նկարել՝ ոչ մի փոփոխություն: Նա էլ քաղաքային իշխանությանն է հարցնում՝ «ո՞ւր են ձեր աշխատակիցները»:
Ավինյանը վարչական շրջանների աշխատակիցների վրա է բարկանում, բնակիչները՝ քաղաքային իշխանության: «Վարորդի ընկեր» ՀԿ-ն առավոտյան սառած ճանապարհների կադրեր էր հրապարակել ֆեյսբուքում՝ զգուշացնելով վարորդներին, որ դանդաղ վարեն: Մեզ հանդիպած տաքսու վարորդներից մեկի մեքենայի տեսախցիկի առավոտյան ֆիքսած կադրերը տեսանք՝ ինչպես են առաջին հայացքից բաց թվացող ճանապարհներին մեքենաները դանդաղ ընթանում, որովհետև անիվների տակ սառույց է:
Աշտարակից Երևան տանող մայրուղին, Երևանի մի շարք գլխավոր և երկրորդային փողոցներ ու ճանապարհներ բաց էին, այդ հատվածները, քաղաքապետարանի ենթակայության տակ են, ասում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Վստահեցրեց՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները կեսգիշերից են աղ ու ավազ ցանելով մաքրում դրանք:
Արեյանը չի ընդունում քննադատությունները, թե քաղաքապետարանն իր չարածը բարդում է տնտեսվարողների վրա, հիշեցրեց՝ 17 տարի առաջ գործող ավագանու որոշմամբ՝ ձյան դադարից 4 ժամ հետո տնտեսվարողները պետք է մաքրեն իրենց դիմացի տարածքը: Այս անգամ թերացողները տուգանվել են 10-20.000 դրամով, 280 արձանագրություն է կազմվել: Արեյանն ասում է՝ սա տուգանքի համար թույլիկ թիվ է, առաջիկայում մի քանի հարյուր հազար կդարձնեն:
«Հիմա ունենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, որ այս պատժաչափը խստանա: Այստեղ առնվազն 2-300 հազար կամ 500 հազար 2-րդ անգամ չանելու դեպքում պիտի տուգանվի: Բարոյախոսություններով, հորդորելով բան չի փոխվի», - ասաց Արեյանը
Թե Ավինյանն այդ ո՞ր 4 վարչական շրջաններից էր դժգոհ, որ տարվա առաջին 3 օրերին տնտեսվարողներին չէին տուգանել՝ Արեյանը չասաց, միայն պնդեց. «Կոշտ դիտողությունից հետո էապես փոխվել էր փողոցներում վիճակը, մաքրում էին իրենց տարածքները: Եթե ծայրից ծայր Աբովյան փողոցի բոլոր տնտեսվարողները, հասարակական շենքերը, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները մաքրեին իրենց դեմը, ապա Աբովյան արձանից մինչև Հանրապետության հրապարակ մենք կունենայինք ամբողջապես մաքուր տարածք՝ առանց սառցակտորների»:
Բակերն էլ, ըստ Արեյանի, համատիրությունները պետք է մաքրեն, որովհետև բնակիչները դրա դիմաց վճարում են նրանց, վարչական շրջանների աշխատակիցներն էլ պետք է նրանց աջակցեն:
«Մենք շենքերի բնակիչներին տվել ենք անսահման քանակությամբ աղ ու ավազ, որպեսզի իրենք իրենց բնակիչների հետ կարողանային մշակել այդ տարածքները, հիմա մարդիկ ասում են՝ ոչ, պիտի գաք, մեր ավտոտնակների, դարպասների դեմն էլ մաքրեք, սա ամենևին օբյեկտիվ չէ», - նշեց Արեյանը:
«Ազատության» տեսախցիկը մայրաքաղաքի մի քանի հատվածներում, այդ թվում՝ փոքր կենտրոնում, ձյունից ու սառույցից չմաքրված բակային հատվածներ ու փողոցներ էր ֆիքսել:
Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 13-ը Երևանի փողոցներում 25 մարդ է ընկել սառույցի վրա ու կոտրվածք ստացել, 24-ը հոսպիտալացվել է: Առաջիկա 2-3 օրերին մերկասառույց է սպասվում, Արեյանն ասում է՝ կազմ ու պատրաստ են, փորձելու են այնպես անել, որ մերկասառույցներ չլինեն փողոցներում:
Բազմազավակ Փառանձեմ Հովհաննիսյանը հիշեցնում է՝ «հո միայն այդ օրը չէ՞, որ իրենց բակից մինչև դպրոց սահելով են գնում, միշտ է այդպես»: