Ֆիդան․ «Իրանի շուրջ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի բանակցությունների միջոցով»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, արխիվ

Իրանի շուրջ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի բանակցությունների միջոցով, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր իրանցի պաշտոնակից Աբաս Արաղչիի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Զրույցի մանրամասները Reuters-ին են փոխանցել Թուրքիայի ԱԳՆ մոտ կանգնած աղբյուրները։

Թուրքական դիվանագիտական աղբյուրները նաև տեղեկացրել են, որ Անկարան կապի մեջ է ամերիկյան վարչակազմի հետ։ «Վաշինգտոնի հետ քննարկումների հիմնական թեման Իրանի դեմ ուժի կիրառման Թրամփի սպառնալիքներն են», - հաղորդել է գործակալության աղբյուրը։

Իրանում վերջին տարիների խոշորագույն հակակառավարական ցույցերն են անցկացվում:

ԱՄՆ նախագահը, որն այս օրերին քանիցս սպառնացել է միջամտել, եթե Իրանը սկսի սպանել ցուցարարներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը կապվել է իր հետ և ցանկանում է բանակցել: Դոնալդ Թրամփը, սակայն, ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է քայլեր ձեռնարկել նախքան իրանցիների հետ հանդիպումը։

ԱՄՆ-ում տեղակայված HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է 2403 ցուցարարի, 147 իշխանություններին առնչվող անձի, 12 երեխայի և 9 պատահական անցորդի մահը։

Ըստ կազմակերպության՝ ձերբակալվել է առնվազն 18434 մարդ, ինչպես նաև գրանցվել է 1134 ծանր վիրավորում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

HRANA․ Իրանում ավելի քան 2400 ցուցարար է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափած է» Իրանում ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներիցԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի սահմաններով