TRIPP նախագծի իրականացման շրջանակի հրապարակումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է փաստաթղթում ամրագրված հիմնական կետերին և պատասխանել լրագրողների հարցերին։
Նախարարը պարզաբանել է, թե ինչու TRIPP զարգացման ընկերությունում Հայաստանի բաժնեմասը սկզբնական փուլում կազմում է 26 տոկոս։ Նրա խոսքով՝ բաժնեմասերի բաշխումը պայմանավորված է ներդրումների ծավալով․ Միացյալ Նահանգները նախատեսում է իրականացնել զգալի ֆինանսական և քաղաքական ներդրումներ, մինչդեռ Հայաստանը հիմնականում տրամադրում է կառուցապատման իրավունքը։ Ըստ Միրզոյանի, խոսքը առաջիկա 49 տարվա մասին է, և ժամանակի ընթացքում, ներդրումների վերադարձին զուգահեռ, բաժնեմասերի հարաբերակցությունը կփոխվի՝ գրեթե հավասարվելով։
ԱԳ նախարարը նաև նշել է, որ թեև ընկերությունում ամերիկյան կողմը կունենա վերահսկիչ բաժնեմաս, կլինեն սկզբունքային հարցեր, որոնց դեպքում առանց Հայաստանի համաձայնության որևէ որոշում չի կարող կայացվել՝ անկախ բաժնեմասերի չափից։
Անդրադառնալով «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելին՝ Միրզոյանը նշել է, որ այն լայնորեն կիրառվոող մոդել է և ենթադրում է «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցում, երբ սահմանը հատող անձը չի առնչվում գործընթացի ամբողջ ծավալին, իսկ տվյալների մշակումը կատարվում է ետնաբեմում։
Նա նաև ընդգծել է, որ ստորագրված փաստաթղթում չկա որևէ համաձայնեցված, բայց չհրապարակված դրույթ։ «Համաձայնեցված է միայն այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակված է», - ասել է նախարարը։
Միրզոյան․ Նպատակ չունենք որևէ հարևանի դուրս թողնել ապաշրջափակումից
Պատասխանելով հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին, Միրզոյանը նշել է, որ նման քննարկում չկա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ մեծ ապաշրջափակումը, որը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, չի կարող և նպատակ չունի դուրս թողնել որևէ հարևանի, այդ թվում՝ Ռուսաստանին։
Միրզոյանի խոսքով՝ այս գործընթացը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային շրջանակում։ Այդ համատեքստում Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ այս ուղղությամբ քննարկումներ կան, և դրանք բավականին կոնստրուկտիվ են։ «Կարծում եմ՝ մոտ ապագայում շոշափելի առաջընթացի քայլեր կունենանք», - ասել է նախարարը։
«Ադրբեջանում պահվող անձանց հարցը ևս քննարկվել է»
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում բարձրացված թեմաներին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվել։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Իրանի հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ կարող են սահմանվել 25 տոկոս մաքսատուրքեր։ «Ոչ մի բառ անգամ չի ասվել», - ընդգծել է Միրզոյանը։
Միրզոյանը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Նրա խոսքով՝ թեման բարձրացվել է թե՛ երկկողմ ձևաչափում, թե՛ TRIPP-ից բխող համագործակցության շրջանակում։
Նախարարը նշել է, որ քննարկվել են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են խաղաղության ձևավորմանը։ «Ադրբեջանում պահվող անձանց հարցը դրանցից մեկն է», - ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ խոսվել է նաև ԱՄՆ միջնորդությամբ հնարավոր քայլերի մասին։