ԱՄՆ-ը ու Հայաստանը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, որոնք վարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ։

Այն պաշտոնապես հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Համաձայնագրի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածություններն են։

Ռուբիոյի և Միրզոյանի բանակցություններից հետո հրապարակված TRIPP-ի «իրականացման շրջանակի» համաձայն՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը կկառուցի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգամատակարարման գծեր և այլ ենթակառուցվածքներ տարանցիկ միջանցքի երկայնքով, ինչպես նաև առնվազն 49 տարի կկառավարի դրանք և կգանձի դրանցից ստացվող եկամուտները։

«Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը և իրեն պահել 26 տոկոսը», - ասվում է ութ էջանոց փաստաթղթում։ «Սպասվում է, որ այս պայմանավորվածությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ բաժնեմաս տրամադրելով, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կհասնի 49 տոկոսի»։

Փաստաթուղթը ընդգծում է, որ Հայաստանը կունենա լիակատար «իրավասություն սահմանային վերահսկողության և մաքսային գործառույթների նկատմամբ՝ TRIPP-ով իրականացվող առևտրի և տարանցման շրջանակում»։

«Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննելի», - նշվում է հայտարարությունում։

Նման հավաստիացումներ է տվել նաև Ռուբիոն, երբ Միրզոյանին Պետդեպարտամենտում ընդունելուց անմիջապես հետո կարճ մեկնաբանություն է տվել լրագրողներին։

«Մի կողմից [TRIPP-ը] բացում է Հայաստանը բիզնեսի համար և թույլ է տալիս նրան տնտեսապես բարգավաճել, բայց դա արվում է այնպես, որ որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը», - ասել է Ռուբիոն։ «Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա, նախագիծը լիովին հարգում է այն»։

Հայտարարությունում նշվում է, որ TRIPP զարգացման ընկերությունը մասնավոր օպերատորներ կվարձի, որոնք կմատուցեն «հաճախորդների հետ առերես ծառայություններ», այդ թվում՝ «փաստաթղթերի նախնական հավաքագրման ստուգման համար», ինչպես նաև կգանձեն տարանցման վճարներ բեռների և ուղևորների համար։ Միևնույն ժամանակ հայ պաշտոնյաները պարտավոր են «ֆիզիկական ներկայություն պահպանել Հայաստանի բոլոր սահմանային և մաքսային հաստատություններում», ընդունել «մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ» և իրականացնել «միգրացիոն վերահսկողություն»։

Համատեղ հայտարարությունում նաև նշվում է «փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման և մշակման» մասին և կոչ է անում կիրառել «տարբերակված գործընթացներ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև»։