Իրանի կառավարությունը հայտնել է եռօրյա ազգային սուգ՝ առանց նշելու անվտանգության ուժերի դերը ցուցարարների մահվան մեջ։
Կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակել են պետական լրատվամիջոցները, ցուցարարների, անվտանգության ուժերի և ոստիկանության մահերը վերագրվել են «քաղաքային ահաբեկչական հանցագործներին»։
Վերջին օրերին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները ցուցարարներին որպես «զինված ահաբեկիչներ» են որակել և չեն հիշատակել Իրանում իշխանափոխություն պահանջող քաղաքացիների բազմաթիվ հավաքները, որոնց լուսանկարները հրապարակվել են։
Հունվարի 11-ին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փեզեշքիանը նույնպես ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ» և անվտանգության ուժերին կոչ արել զբաղվել նրանցով։
Մեկ ժամ անց սոցիալական ցանցերում հրապարակվեցին տեսանյութեր, որտեղ ցույց էին տալիս Թեհրանի Քահրիզակի դատաբժշկական հիվանդանոցում սպանված մարդկանց զգալի թիվը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է, որ Թեհրանը ցանկանում է բանակցել. ինչ իրավիճակ է ԻրանումԵրկրում ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են, այդ պատճառով հնարավոր չէ հստակ պարզել, թե քանի մարդ է զոհվել ցույցերի ընթացքում: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ տարբեր թվեր են հրապարակում՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA)՝ Միացյալ Նահանգներում գործող իրանցի ակտիվիստների կազմակերպությունը, հունվարի 11-ին հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 544 մարդ։
Կազմակերպությունը հայտնել է, որ ձերբակալվել է առնվազն 10,061 մարդ, և որ ցույցեր են տեղի ունեցել բոլոր 31 նահանգների 186 քաղաքների 585 վայրերում։
Թեև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ երկրում ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար: