2025-ին էլ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չստորագրվեց: Բայց նախաստորագրվեց՝ ադրբեջանական պահանջներից մեկի՝ Մինսկի խումբը լուծարելու՝ Երևանի համաձայնության դիմաց:
Չստորագրվեց, քանի որ Ադրբեջանը եւս մեկ նախապայման ունի՝ Հայաստանի սահմանադրությունը պետք է այնպես փոխվի, որ դրանում չլինի Անկախության հռչակագրին հղումը: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին կետն, Ադրբեջանի կարծիքով, իր նկատմամբ տարածքային պահանջ է: Երևանը այդպես չի համարում, բայց և մտադիր է փոխել Մայր օրենքը:
Խաղաղության նախաստորագրված համաձայնագրի բուն տեքստը հրապարակվեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած պաշտոնական արարողությունից միայն մի քանի օր անց: Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ դրա, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրով, բայց կոնկրետ թվականների քարտեզների՝ համաձայնեցված փաստաթղթում հղում չկա: Դա Երևանն էր ուզում, դեմ էր Բաքուն:
3 տարի բանակցված փաստաթղթում արտացոլված չէ նաև բանակցությունների մեկնարկին գերիների վերադարձի մասին Երևանի արած մեկ այլ առաջարկ, այն դեպքում, երբ անհետ կորածների ճակատագիրը պարզելու կոնկրետ պարտավորություն կողմերը ստանձնել են:
Բաքուն չբավարարվեց նրանով, որ Երևանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում. պայմանագրում առանձին կետեր կան ծայրահեղականության ու անջատողականության դեմ պայքարի, միմյանց դեմ ներկայացված միջպետական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու, համատեղ սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժեր չտեղակայելու մասին:
Ու չնայած Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է մնալ ադրբեջանական օկուպացիայի տակ, գերիները՝ Բաքվի բանտերում, իսկ Ալիևը պարբերաբար պնդում է ադրբեջանցիների վերադարձի հարցը, վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Հայաստանի իշխանությունները արդեն հաստատված խաղաղությունից են խոսում:
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել», - հայտարարում է վարչապետ Փաշինյանը:
Մի ճանապարհով ապաշրջափակում կլինի՞
Իշխանության հայտարարություններն ընդդիմությանը չհամոզեցին: Հատկապես կենտրոնացան վաշինգտոնյան մեկ այլ՝ հայ-ադրբեջանական ապաշրջափակման պայմանավորվածության վրա:
ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ ստորագրված փաստաթղթով Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», -նշված է հռչակագրում:
Բայց թե ե՞րբ տեղի կունենա հայ-ադրբեջանական ապաշրջափակումը, արդյոք կլինեն դյուրացումներ, ի՞նչ աստիճանի, ինչպե՞ս «Թրամփի ուղու» վրա կստուգվեն ադրբեջանցիները՝ ուղիղ շփմամբ, թե՞ այլ տարբերակով, հռչակագրի ստորագրումից 5 ամիս անց էլ հստակ չէ:
Երբ վաշինգտոնյան հռչակագրում Ադրբեջանի համար ամրագրվում է իր հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև Հայաստանով անխոչընդոտ կապը, ինչո՞ւ ճիշտ նույն ձևակերպումը չկա Ադրբեջանի տարածքով Հայաստանի անցման դեպքում. մինչ իշխանությունը Ադրբեջանից եկող վտանգները չեզոքացված էր համարում, ընդդիմությունը հենց այս ձևակերպման տակ հերթական զիջումն էր տեսնում:
Իշխանությունը խրթին այդ ձևակերպումը պարզից էլ պարզ էր համարում. «Նկարագրված է մի առավելություն, ասված է, որ այդ նույն առավելությունը փոխադարձաբար պետք է ունենա ՀՀ-ն»:
Ընդդիմադիրների աչքից նաև չէր վրիպել՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրը ընդհանուր ապաշրջափակման մասին էր, բայց տեքստում մանրամասն միայն Ադրբեջանի համար այդքան ցանկալի՝ Սյունիքով անցման մանրամասներն էին նկարագրված:
«Որքան էլ կողմերը փորձում են բրդել, որ սա միջանցքի մասին չէ, բայց այն ամենը, ինչ տեղի է ունենում հողի վրա, ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ կարող է դիտվել, քան սովորական ճանապարհի», - ասել է «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Իշխանությունն առաջին օրվանից վստահեցնում է՝ ենթակառուցվածքները պետք է բացվեն սինխրոն:
«Իհարկե, պետք է սինխրոն բացվի, հակառակ դեպքում ինքը ուղղակի չի աշխատի լիարժեք», - նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Առանցքային պայմանավորվածությունն Իրանին սահմանակից Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին է վերաբերում:
Իշխանությունը Վաշինգտոնից հետո ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին, մասնավորապես, անմիջական հարևան Իրանի մտահոգությունները փարատելու խնդիր ուներ:
Ակնհայտորեն հարցեր ուներ նաև հայ-ադրբեջանական ապաշրջափակման գործընթացից դուրս մնացած Ռուսաստանը: Վարչապետ Փաշինյանը առաջին օրերին տարածաշրջանի այս երկրների նախագահներին էր ներկայացնում վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները, 10 օր անց Իրանի նախագահն անձամբ ժամանեց Երևան:
Փորձագետները 2 գործոն են շեշտում՝ Իրանն իր համար է անհանգստանում՝ Հայաստանի հետ այլընտրանքային կապը չկորցնելու, բացի այդ չի ուզում իր սահմաններին ամերիկյան ներկայություն տեսնել: Այդ օրերին, կարծես, Երևանին հաջողվեց Թեհրանի աշխարհիկ իշխանության լարվածությունը մեղմել, բայց տարեվեջին Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց՝ «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը», միայն անունն է փոխվել:
«Ո՛չ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ: Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները», - ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում էԻնչպե՞ս Նիկոլ Փաշինյանը փակեց «միջանցքի» թեման
Սյունիքի ճանապարհը «Թրամփի ուղի» կոչելու համաձայնությունը Ադրբեջանին չխանգարեց շարունակել օգտագործել Երևանին այդքան նյարդայնացնող «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
«Ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր դահլիճում և այս հեղինակավոր ինստիտուտում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵԽԽՎ-ում այս զայրացած հայտարարությունից բառացիորեն 2 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցքի հարցը փակված համարեց: Բայց ոչ թե, որովհետև Բաքուն դադարեց գործածել մի ձևակերպում, որը հենց նույն Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ընկալվում է որպես տարածքային պահանջ, այլ, որովհետև, Հայաստանի ղեկավարի ընկալմամբ, ադրբեջանցիները Հորադիզ-Զանգելան ճանապարհն են կարճ «Զանգեզուրի միջանցք» կոչում:
Թարգմանական ծրագրերում մի քանի վայրկյանանոց որոնումը ցույց է տալիս՝ ադրբեջաներեն «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը Հորադիզ-Զանգիլան ճանապարհ արտահայտությունից ընդամենը 2 տառով է կարճ:
Ի՞նչ է TRIPP-ը
TRIPP-ի մասին քիչ բան է հայտնի. Օրինակ, քանի՞ տարով է նախատեսված հայ - ամերիկյան գործակցությունն այդ ճանապարհին: Նախագահ Թրամփն խոսում էր 99 տարվա մասին, հետագայում նույն ժամկետի երկարաձգմամբ:
Չնայած Հայաստանի իշխանությունը մի քանի ամիս պնդում էր, թե 99 տարվա վերաբերյալ ֆիքսված պայմանավորվածություն չկա, բայց մոտ մեկ ամիս առաջ հենց վարչապետը հայտարարեց՝ Երևանն ու Վաշինգտոնը քննարկում են երկու սցենար՝ 99 և 49 տարով:
Իսկ ի՞նչ գործնական քայլեր կան. Հայտնի է, որ TRIPP-ի պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու համար հայ-ամերիկյան առանձին կառույց կձևավորվի, տարեվերջին իրավաբանական հարցեր էին լուծվում՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերություն ստեղծելու համար:
Թե ո՞ր ենթակառուցվածքի շինարարությունից կսկսեն, դեռ չեն հստակեցնում, օրինակ փոխվարչապետ Գրիգորյանը, որը զբաղվում է նաև ապաշրջափակման հարցով, խոսում էր երկաթգծից: Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ TRIPP-ի ներդրումները Սյունիքով չսահմանափակվեն, այլ ներառեն նաև Երասխի հատվածը: Բայց նոյեմբերի կեսին վարչապետի արած հայտարարությունից պարզ է դառնում՝ դեռ համաձայնություն չկա:
2025-ին հայ-ադրբեջանական սահմանազատումը ոչ մի մետր առաջ չգնաց
Ոչ միայն այդ, այլ մոտավորապես 1000 կմ-անոց մյուս հատվածներում ևս 24-ի առաջին կիսամյակում մեկնարկած սահմանազատման գործընթացը 2025-ին տեղից չշարժվեց: Սահմանազատումը Երևանն ու Բաքուն մտադիր էին շարունակել Տավուշից, չէին բացառել, որ հնարավոր է արտահերթ սահմանազատում TRIPP-ի համար, այսինքն՝ Սյունիքում:
Ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան
Փակ սահմանները չխանգարեցին, որ հայերն ու ադրբեջանցիներն առևտուր անեն: Ադրբեջանական բենզին, իհարկե, ուղիղ չմտավ Հայաստան, այլ՝ Վրաստանով: Ներմուծողներից մեկը «Մեգա թրեյդ» ընկերությունն է, որը իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալի» մաս է կազմում:
Դրանից առաջ էլ ղազախական ու ռուսական ցորեն էր ներմուծվել, նախ անցնելով Ադրբեջանի տարածքով, ապա՝ Վրաստանով: Այս դեպքում ներմուծողը իշխանությունից բազմաթիվ հարկային արտոնություններ ստացող գործարար Սամվել Ալեքսանյանն է:
Բայց այդպես էլ չիմացվեց՝ արդյոք Ադրբեջանին տարանցման գումար է վճարվել ու ինչքա՞ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը շատ մեծ և կարևոր իրադարձություն է համարումԵթե սկզբում հայաստանցի պաշտոնյաներն հացի գնի հնարավոր իջեցման ակնարկներ էին անում, Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորի հայտարարությունը «փչացրեց տոնը»: Քարոզչական աղմուկն անցնելուց հետո պարզվեց, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը 4-րդ կարգի էր, որը հիմնականում օգտագործվում է անասնակերի արտադրության համար։
Իշխանությունը դիվերսիֆիկացիան էր կարևորում, որ նույն ցորենը ոչ միայն Լարսով ներկրվի, այլև՝ երկաթուղով ու Ադրբեջանի տարածքն օգտագործելով: Իսկ շահավետությունն, ասում էին՝ պետք է հաշվարկվի: Ընդդիմությանն առավելապես այս գործարքի քաղաքական գինն էր հետաքրքրում.
Իսկ Հայաստանով տարանցման առաջարկը թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան դեռ անարձագանք են թողել: Բայց փոխադարձ այցեր եղան: ԱԱԾ տնօրենն ու քաղհասարակության ներկայացուցիչները Բաքուն գնացին:
Այս այցերը վստահության ամրապնդման միջոց համարող ադրբեջանցիները, սակայն, հայաստանցիներին թույլ չտվեց այցելել Բաքվի բանտերում տարիներ շարունակ պահվող հայ գերիներին, չնայած քաղհասարակության ներկայացուցիչները հստակ ուզել էին: ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այդպիսի ցանկության մասին տեղեկություններ չկան:
Իսկ ադրբեջանցի փորձագետը հենց Երևանում վերահաստատեց Հայաստանի սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի նախապայմանը:
«Կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք Սահմանադրությունը, իսկ քմահաճույքը, բա՞ որ դրանից հետո երկրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, բա՞ որ դրանից հետո երրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, ու չորրորդը ու այդպես շարունակ, ի՞նչ ենք անելու», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը և՛ հայտարարում է՝ Սահմանադրությունը փոխելու Բաքվի մտահոգություններն հիմնավոր չեն, և՛ Սահմանադրության նախաբանից Անկախութան հռչակագրին հղումը հանելու հարցը դուրս չի գալիս իշխանության օրակարգից: Հենց Փաշինյանն է կարծիք հայտնել՝ նոր Սահմանադրության տեքստում հղումը չպետք է լինի: Բայց վստահեցնում են, թե Սահմանադրություն փոխելը զուտ ներհայաստանյան հարց է:
Ադրբեջանի համառ պահանջների ֆոնին այս հիմնավորումը չի համոզում ընդդիմությանը, կարծում են՝ նոր Սահմանադրության մշակում նախաձեռնած Փաշինյանը շարժվում է Բաքվի օրակարգով:
Իշանությունը Նոր Սահմանադրության հանրաքվե է ուզում անցկացնել խորհրդարանական ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն կրկին մեծամասնություն ստանա: 2026-ին հայաստանցիները մեկ, թե՞ երկու անգամ ընտրատեղամասեր կգնան: