Վաղարշապատում նոյեմբերին անցկացված ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործով գիշերը ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն ու կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը:
Նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց՝ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը: Սոս Հակոբյանն ասաց՝ նախաքննության փուլում մանրամասներ հայտնելու իրավունք չունեն, բայց կարող են պնդել՝ չկա գեթ մեկ ապացույց, որ Գալստյանը որևէ մեկի ընտրակաշառք է տվել:
Կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հետապնդում է որակել տեղի ունեցածը։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալվածները 8-ն են, որոնց կասկածում են ընտրակաշառք տալու և ստանալու համար: Ձերբակալվածների շարքում է նաև Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը: