«Եղբայրս փորձել է մի քիչ օդափոխվի». Օպերայի տնօրենը բացատրում է՝ ինչու էր Վրեժ Դուրգարյանը բարձրացել շիրմաքարին

Կարեն Դուրգարյան. արտապատկերում Aravot.am-ի տեսանյութից

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանը չի հերքում՝ իր ազգական Վրեժ Դուրգարյանը, որ նաև թատրոնի փոխտնօրենն է, անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ շիրմաքարի վրա էր բարձրացել: Ավելին՝ Aravot.am-ի հետ զրույցում դիրիժորը բացատրել է, թե ինչն է մղել մշակութային հաստատությունը ներկայացնող իր տեղակալ - ազգականին այդ քայլին:

«Եթե ուշադիր եք նայել այդ տեսագրությունը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ: Շատերը ընկել էին հատակին և շատերը նույնիսկ շնչելու հնարավորություն չունեին, որովհետև սեղմված էին, եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի»:

Իր զարմիկը չի ուղղորդել հավաքվածներին ներխուժել Մայր տաճար, պնդում է Օպերային թատրոնի տնօրենը, հիմնավորումն էլ այն է, որ Վրեժ Դուրգարյանը հոգևորականի ընտանիքում է մեծացել, ամեն օր աղոթք լսել: Այդ օրն էլ գործել է առանց որևէ մեկի հրահանգի:

Կարեն Դուրգարյանը չի համարում, որ շիրմաքարի վրա բարձրացած իր զարմիկի արարքը խուլիգանություն է. «Եթե մարդը, ցանկացած քաղաքացի խուլիգանություն է անում, հետևաբար այդ գործողությունը պետք է տեղափոխվի մեկ այլ տիրույթ: Եթե դա ապացուցված է, ուրեմն թող այդ մարմինները, ովքեր զբաղվում են նման հարցերով, իրենք պետք է զբաղվեն, սա իրենց տիրույթում է գտնվում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օպերային թատրոնի փոխտնօրենը Մայր աթոռի մուտքի մոտ «շիրիմի վրա էր բարձրացել». Տեր Վրթանեսի պնդումն ու թատրոնի լռությունը

Անցած շաբաթ Մայր տաճարի մուտքի մոտ այն նույն պահին, երբ Վեհափառ Հայրապետը քարոզն էր ընթերցում, մի խումբ քաղաքացիներ հարվածում էին տաճարի դռներին, գոռգոռում և վիրավորում հոգևորականներին: Այս ամենի ականատեսներից էր նաև ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա այսօր էլ պնդեց՝ Վրեժ Դուրգարյանը տաճարի մուտքի մոտ զբաղված էր հենց այդ ցուցարարներին ուղղորդելով:

«Ի՞նչ է նշանակում՝ դու բարձրանում ես շիրմաքարի վրա, խոյակի վրա, ում օդը չի հերիքում բարձրանում է շիրմաքարի վրա՞, իրենք նման փորձ ունե՞ն, օրինակ, սեփական ընտանիքի անդամների շիրմաքարերի վրա բարձրանալու կամ խոյակների վրա բարձրանալու, դա սրբապղծություն է: Սրբապղծություն է տեղի ունեցել», - ասաց Դանիելյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ Կաթողիկոսի հեռացման պահանջով տասը եպիսկոպոսների հրավիրած հավաքին աչքի ընկած օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն արդեն պետք է աշխատանքից հեռացված լիներ: Ըստ Դանիելյանի՝ օպերայի փոխտնօրենը շարունակում է պաշտոնավարել, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել՝ աջակցում է Գարեգին Երկրորդի հեռացման օրակարգը պաշտպանողներին:

«Եթե նույնականացվեր որևէ ընդդիմադիր հայացքներով մարդ, որը ոչ միայն ակտիվ է եղել, այլ ներկա է եղել, հաստատ այդ մարդուն աշխատանքից կազատեին», - ընդգծեց Գառնիկ Դանիելյանը:

Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել օպերային թատրոնի ներկայացուցչի պահվածքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եպիսկոպոսները վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել. կաթողիկոսը հորդորեց վերադառնալ կանոնական դաշտ

Լուռ են նաև իրավապահները: Չնայած տարբեր հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ այս օրերին քննադատում են ոչ միայն օպերային թատրոնի փոխտնօրենի, այլ նաև Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի և հավաքի մյուս մասնակիցների գործողությունները, դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քրեական վարույթի մասին տեղեկություն չկա: Հանցագործության մասին հաղորդում հավաքի օրը Մայր Աթոռի բակում Գառնիկ Դանիելյանը հենց ոստիկնապետին էր ներկայացրել:

«Կաշկանդվածություն կա ուժային կառույցների կողմից, որպեսզի այս գործը հետաքննեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Իսկ ինչպե՞ս է վերաբերում Օպերային թատրոնի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեմ սկսած արշավին. Կարեն Դուրգարյանն ասում է՝ ինքը եկեղեցի պարզապես չի գնում, տանն է աղոթում, և սպասում է, որ հոգևորականները պատասխանեն վարչապետի հարցերին: