Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը և Գլխավոր շտաբը հայտարարում են, որ Կասպից ծովում խոցել են ռուսական «Օխոտնիկ» պարեկային նավը և հորատման պլատֆորմ «Լուկօյլ»-ին պատկանող Ֆիլանովսկու անվան նավթագազային հանքավայրում, որը, ուկրաինական զինված ուժերի պնդմամբ, ներգրավված է ռուսական զինուժի վառելիքով ապահովման գործում:
Ավելի վաղ Ուկրաինան արդեն հայտարարել էր Կասպից ծովում նավթարդյունահանման պլատֆորմների վրա հարձակման մասին, այդ տեղեկատվությունը անկախ աղբյուրները չեն հաստատում:
Գիշերը Ռուսաստանի Բրյանսկի մարզի Նովոզիբկով քաղաքի բնակիչները հաղորդել են հրդեհի և պայթյունների մասին, գրում է ASTRA տելեգրամյան ալիքը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Բրյանսկի նահանգապետի տվյալներով՝ մարզի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, գիշերը խոցվել է 27 անօդաչու, ամենաշատը՝ 10-ական, Բելգորոդի և Վորոնեժի մարզերում:
Նախօրեին ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սև և Միջերկրական ծովերում ռուսական «ստվերային նավատորմի» նավերի վրա ուկրաինական ծովային դրոնների գրոհների վերաբերյալ հարցին արձագանքել էր, թե դրանք «դատապարտելի են», և Ռուսաստանի կողմից «անպայման պատասխան կլինի»: