«Քաղաքական պատվեր է». Վարդան Ղուկասյանը ևս երեք ամիս կմնա բանտում

4 միլիոն դրամ կաշառք ստանալու, պաշտոնական կեղծիքի մեղադրանքով ձերբակալվելուց երկու ամիս անց Գյումրիի քաղաքապետն այսօր կանգնեց դատարանի առջև: Հենց առաջին դատական նիստին Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ սա քաղաքական հետապնդում է, դեռ 2007 թվականից իր դեմ մահափորձից հետո ենթարկվում է բռնությունների, հետապնդումների:

«Վերջին անգամն էր, երբ ես ուզում էի, որ 85 միլիարդ դրամ քաղաքից հավաքվում էր ու 4 միլիարդ դոտացիա տալիս էինք Գյումրիի քաղաքապետարանին, դատի պիտի տայինք, մնացել էր մեկ շաբաթ, դրանից առաջ այս շոուն կազմակերպվեց: Այս ամեն ինչը քաղաքական պատվեր է», - նշեց Ղուկասյանը:

Ըստ մեղադրանքի, քաղաքապետն իր աշխատակցի հետ կաշառքի դիմաց քաղաքացու օգտին որոշում են կայացրել՝ ինքնակամ, քանդման ենթակա կառույցը փաստաթղթերով դարձնելով օրինական, նոր կառուցվող շինություն: Ղուկասյանը, սակայն, հերքում է իրեն վերագրվող ապօրինությունը:

«Այն քննիչները, այն դատախազները, ովքեր օրենքից դուրս զանգով հանկարծ գործունեություն են ծավալելու, պատգամավորներն էլ այստեղ են ու հանրությունն էլ լսում է, մինչև վերջ պատասխան են տալու, ինչքան էլ ուզում է այս կառավարությունը փոփոխվի, չփոփոխվի, մինչև վերջ պատասխան են տալու», - ասաց Ղուկասյանը:

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը հաստատած դատախազ Գորիկ Հովակիմյանը մի մասով համաձայն էր Ղուկասյանի հետ. «Միանշանակ համաձայն եմ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր հակաօրինական արարք կատարած անձը, անկախ նրանից քննիչ է, թե դատախազ է, պետք է օրենքի առջև պատասխան տա»:

Ինչ վերաբերում է մյուս հանգամանքներին, դրանք կբացահայտվեն դատարանում՝ շարունակեց դատախազը. «Ես ուղղակի համոզված եմ, որ ժամանակի ընթացքում, երբ որ հետազոտեն ապացույցները, իրականությունը հայտնի դառնա դատավարության ողջ մասնակիցներին, ապա կկազմվի այդ հայցը»:

Դատախազ Հովակիմյանը պնդեց՝ Ղուկասյանը պետք է պահվի կալանքի տակ, և խնդրեց ևս երեք ամսով երկարացնել կալանքը: Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը:

«Դատարանների կողմի արձանագրվել է, որ քրեական վարույթում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարման հետ», - նշեց Հովակիմյանը:

Դատախազը շարունակեց՝ կա հիմնավոր կասկած, որ Գյումրիի քաղաքապետը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, և կա բարձր ռիսկ, որ 65-ամյա քաղաքապետն ազատության մեջ նոր հանցանք կգործի, կազդի վկաների վրա՝ օգտագործելով նաև իր հեղինակությունն ու ազդեցությունը. «Որ մեղադրյալն ազատության մեջ մնալու դեպքում կկատարի հանցանք, երկրորդ, ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները»:

Ավելին, Գորիկ Հովակիմյանը Ղուկասյանին բանտում պահելու հիմք նշեց նրա գաղտնալսումները. «Որոնցում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը խոսում է նաև հետագայում անօրինական գործողություններ, առերևույթ հանցավոր արարքներ կատարելու մասին»:

Ղուկասյանի կալանքի հարցի քննությունը դատարանն անցկացրեց դռնփակ ռեժիմով, որտեղ քննարկեցին նաև նրա առողջական խնդիրները: Արդեն երկու ամիս ճաղերից այն կողմ գտնվող Գյումրիի քաղաքապետը շաքարային դիաբետ, սրտի խնդիր ունի: Նրան ազատության համար երաշխավորություններ ներկայացրեցին ընդդիմադիր երեք պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանն ու Մհեր Մելքոնյանը, ինչպես նաև դերասան Լևոն Հարությունյանը:

«Հայաստանի երկու խոշոր՝ 2-րդ, 3-րդ քաղաքների քաղաքապետերը քաղաքական նպատակով անազատության մեջ են հայտնվում: Հանուն մեր երեխաների ապագայի մի տեղ ասենք, որ չէ, որոշում կայացնենք կոնկրետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար», - ասաց Գեղամ Մանուկյանը:

Երաշխավորությունները, սակայն, դատարանը հաշի չառավ, նիստից հետո ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը. «Սա խոսում է դատարանի՝ ակնհայտ իշխանությունների մեղադրանքը ու նաև այդ մեղադրանքի հիման վրա կալանք կիրառելու ցանկությունը, այսինքն, դա դրսևորեց: Հակառակ կողմի դիտարկումներն ու նաև հիմնավորումները հաշվի չառնվեցին դատարանի կողմից: Դատարանի կողմից հաշվի չառնվեց այն կարևոր հանգամանքը, թե ով է պարոն Վարդան Ղուկասյանը»:

Փաստաբանն ասաց, որ դատարանը բավարարեց իր միջնորդությունը՝ անցկացնելու դատաբժշկական փորձաքննություն: Փաստաբանն ահազանգում է՝ առողջական խնդիրներ ունեցող պաշտպանյալը պահվում է մի խցում, որտեղ ծխում են, կալանավորման պայմաններն էլ ավելի վատացրեցին նրա առողջությունը: Անցած ամիս Ղուկասյանը բանտից տեղափոխվել էր հիվանդանոց, մեկ օր անցկացրել բժիշկների հսկողության ներքո: