Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քիչ առաջ Հայաստան վերադարձավ Շվեյցարիա ու Ֆրանսիա կատարած այցից հետո:
«Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ քաղաքացիներ դիմավորեցին նրան՝ բացականչելով «վե-հա- փառ»:
Շնորհակալություն հայտնելով զորակցության համար՝ վեհափառ հայրապետը ուղերձով դիմեց քաղաքացիներին. «Մարսելում գտնվելու ընթացքում տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով, և հետո պատվիրյալ արդարադատությամբ սահմանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ»:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հինգշաբթի Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց, երեկ դատարանը նրան կալանավորեց երկու ամսով: Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են յոթ տարի առաջ՝ 2018 թվականին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով: Նա մեղքը չի ընդունում: Փաստաբանները կալանքի որոշումը կբողոքարկեն: Նա արդեն չորրորդ սրբազանն է, որ վերջին ամիսներին ազատազարկվում է:
Գարեգին Երկրորդը նշեց, որ իրենց ուղերձներում ու հայտարարություններով բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին ու բռնաճնշումներին:
«Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի՛ հայորդիներ, մենք պիտի կարող լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմնը ժողովրդի կյանքի», - վստահություն հայտնեց կաթողիկոսը՝ շեշտելով, որ Աստծո կամքով կհաղթահարեն այս դժվարին ժամանակները և դուրս կգան այս փորձություններից:
Ապա վեհափառը և հավաքվածները աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների, գործարար Սամվել Կարապետյանի և բանտում «անօրինաբար պահվող բոլոր զավակների» համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսից պնդում է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է հեռանա: Այս շաբաթ էլ խորհրդարանական ամբիոնից նա կաթողիկոսին մեղադրեց գործակալ լինելու մեջ:
«Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին», - ասաց Նիկոլ Փաշինյանը: