ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Ռյուտեի խոսքով՝ եվրատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որից հետո գործարկվում է համապատասխան ընթացակարգը: Սակայն, ինչպես նշել է, ինքը «միամիտ չէ» Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:
«Մենք չափազանց մտահոգված ենք։ Մենք դա հստակ հասկացրել ենք վրացական կողմին», - ասել է Ռյուտեն։
Նա հավելել է, որ Վրաստանի շուրջ իրավիճակը պետք է ավելի լայն դիտարկել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Ռյուտեն նաև ասել է, որ թվում է՝ զգալիորեն ավելի լավ վիճակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում՝ ընդգծելով, որ դա հնարավոր է դարձել «նաև այն բանի շնորհիվ, ինչ անում է նախագահ Թրամփը»:
«Վրաստանին պետք է նայել նաև ողջ Հարավային Կովկասի համատեքստում», - ամփոփել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: