Նիդերլանդների կառավարությունը հրաժարական տվեց

Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց։ Որոշումը հաջորդեց կոալիցիան լքելու մասին ծայրահեղ աջակողմյան ուժի հայտարարությանը։

Շոֆի խոսքով՝ ներկայիս կառավարությունը կշարունակի աշխատանքը որպես ժամանակավոր կաբինետ՝ առանց պոպուլիստական «Ազատության կուսակցության» ներկայացուցիչների։

Նիդերլանդներում արտահերթ ընտրություններն ակնկալվում են առաջիկա ամիսներին։

Կառավարությունը լքելու որոշումը Գերտ Վիլդերսի գլխավորած կուսակցությունը պայմանավորել է միգրացիոն քաղաքականության խստացման հարցում կոալիցիոն գործընկերների հետ ունեցած տարաձայնություններով։ Աջակողմյան ուժը պնդում էր ամբողջովին դադարեցնել ապաստանի դիմումների ընդունումը։

Կոալիցիոն գործընկերները Վիլդերսի հայտարարությանն արձագանքել են սուր քննադատությամբ: «Նա մեզ ծաղրում է», - հայտարարել է Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության առաջնորդ Դիլան Եշիլգյոզը:

«Եվրոպայում պատերազմի ֆոնին մեզ միասնություն, այլ ոչ թե քաղաքական դեմարշ է պետք։ Վիլդերսը ցույց է տվել, որ պատրաստ չէ պատասխանատվություն կրել», - նշել է Եշիլգյոզը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նիդերլանդներում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը լքում է իշխող կոալիցիան