Մաքուր ապատեղեկատվություն․ Վաշինգտոնը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու խոսակցությունների մասին

Հայաստանի վարչապետը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, Բելգիա, 5-ը ապրիլի, 2024թ.

ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան Ադրբեջանի Azertac պետական լրատվական գործակալության հարցման, հայտարարել է, որ Բրյուսելում ԱՄՆ - Եվրամիություն - Հայաստան եռակողմ հանդիպումից լրատվամիջոցներում տարածված թղթի լուսանկարը ապատեղեկատվություն է։

Պաշտոնական Վաշինգտոնը շեշտում է՝ օրակարգում անվտանգային հարցեր չեն եղել։

Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցության մասին է «փաստաթղթի» լուսանկարը, որը երեկ հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մամուլի հաղորդագրության վրա, որը մենք ընդունել ենք ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։ Բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ, կենտրոնացել է միայն Հայաստանի տնտեսական կայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել իր մարդասիրական կարիքները, այդ թվում՝ աջակցելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», - ԱՄՆ դիվանագիտական գերտեսչության պատասխանն է մեջբերում Azertac-ը։

Երեկ նաև պաշտոնական Երևանն է հերքել տեղեկությունները, թե իբր բրյուսելյան հանդիպմանը հայտարարություններից բացի, նաև փաստաթղթեր են ստորագրվել։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ Փաշինյան -Ֆոն դեր Լայեն- Բլինքեն ապրիլհինգյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել։

Բադալյանը շեշտել է, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ