Երևանն ու Աթենքը նոր լիցք են հաղորդում ռազմատեխնիկական համագործակցությանը

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջից

Հայաստան պաշտպանության նախարարի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը։ ՊՆ վարչական
համալիրում Նիկոլաոս Դենդիասին դիմավորել է հայաստանցի պաշտոնակիցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանեց Երևան

Սուրեն Պապիկյանն ու Նիկոլաոս Դենդիասն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Հունաստանը պայմանավորվել են «նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը»

Ավելի վաղ Հունաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ Պապիկյանն ու Դենդիասը քննարկելու են Հունաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդումը։

Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հույն բարձրաստիճան պաշտոնյային անցած շաբաթավերջին էր հանդիպել։ Ըստ Հունաստանում Հայաստանի դեսպանատան՝ Մկրտչյանն ընդգծել էր, որ նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում Երևանի ու Աթենքի ընդլայնվող համագործակցությանը։

Հայաստանն ու Հունաստանը տարեվերջին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել, կողմերը, սակայն, չեն բացահայտում՝ ինչի շուրջ են համաձայնել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ կողմերը պայմանավորվել են նոր թափով զարգացնելու համագործակցությունը՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել

Այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունից հայտնեցին, որ կողմերը պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Անցած շաբաթասկզբին պաշտոնական այցով Աթենքում էր Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հույս ունի՝ իր այցը նոր խթան կդառնա երկկողմ հարաբերություններին՝ տնտեսականից մինչև անվտանգություն:

«Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմություն, և համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունը ավելի արդյունավետ կդառնա: Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրները առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին ընդհանրապես և ժողովրդավարական բարեփոխումներին մասնավորապես, և սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար՝ ոչ միայն Հունաստանի, այլև՝ Եվրամիության հետ ընդհանրապես», - ասել էր Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աթենքը միշտ Երևանի կողքին կլինի՝ ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ․ Հունաստանի վարչապետ

Հունաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել են, որ հույն բարձրաստիճան պաշտոնյային Երևանում կընդունի Հայաստանի վարչապետը, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Նիկոլաոս Դենդիասը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Տե՛ս նաև այստեղ