Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը կհակասի Հայաստանի շահերին, «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, ընդգծել է Պանկինը՝ շեշտելով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միության շրջանակներում դարձել է առաջատար, մասնավորապես, ՀՆԱ-ի աճի, կապիտալ ներդրումների, շինարարական աշխատանքների ծավալով։
Նրա խոսքով՝ այս ամենը հնարավոր է դարձել միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի, ձեռնարկությունների բացման ընթացակարգերի պարզեցման, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլնի շնորհիվ։
«Այսպիսով, տնտեսական տեսակետից միությանն անդամակցությունը անշուշտ ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
2023-ի հունիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետը չմասնակցեց հոկտեմբերին Բիշքեկում ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին, իսկ նոյեմբերի վերջին բոյկոտց նաև Մինսկում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստը։ Յոթ ամսվա բոյկոտից հետո Փաշինյանն դեկտեմբերի 25-ին ի վերջո մեկնեց Սանկատ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին։ Այդ նիստին Փաշինյանը հայտարարեց` ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։
«Մենք շարունակում ենք այն հենց այդպես ընկալել և այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ փորձելով ճնշել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը», - ասել էր վարչապետը։
Այս տարվա փատրվերի սկզբին Ալմաթիում անցկացվեց ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստը։ Այն վարում էր Հայաստանի վարչապետը։ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին 1 տարում աճել է Հայաստանի ապրանքաշրջանառությունը միության երկրների հետ, նախորդ տարվա համեմատ՝ 39 տոկոսով։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Այս տարվա հունվարի 1-ին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, նախորդ տարվա համեմատ, աճել է 39 տոկոսով. Փաշինյան