Ուժգին երկրաշարժ Չինաստանում, կան զոհեր և վիրավորներ

Չինաստանի հյուսիս-արևմուտքում ուժգին երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է առնվազն 118 մարդ, ավելի քան 500 մարդ վիրավոր է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստաընկերությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ Գանսու նահանգում։ Այնտեղ հարյուրից ավելի մարդ է զոհվել: Զոհեր կան նաև հարևան Ցինհայ նահանգում։

Երկրաշարժի հետևանքով երկու նահանգներում էլ տներ և ենթակառուցվածքներ են վնասվել։ Որոշ շրջաններում խափանվել են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումները։ Ընդհանուր առմամբ, աղետի գոտի է ուղարկվել մոտ մեկուկես հազար հրշեջ-փրկարար։

Չինաստանում վերջին տասնամյակի ամենաավերիչ երկրաշարժը 2008 թվականի մայիսին Սիչուան նահանգում է գրանցվել՝ 8 մագնիտուդ ուժգնությամբ։ Այն ժամանակ մահացավ ավելի քան 70 հազար մարդ։