Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն տուն վերադառնալու և այդ իրավունքը պետք է պահպանվի, երեկ, ամենօրյա ճեպազրույցում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել էր խոսնակից, թե Կոնգրեսում կայանալիք լսումներից առաջ ուզում է իմանալ՝ ինչ են պատրաստվում ասել լսումներին Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցով՝ շեշտելով՝ «մի կողմից ունեք Ադրբեջան, որը տոնում է հաղթանակը՝ ռուսական բանակով շրջապատված քաղաքում և ունեք Հայաստան, որին Ռուսաստանն ամեն օր բռնության է ենթարկում՝ ասելով, որ ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ձեր կարծիքով՝ այստեղ երջանիկ ավարտ կա՞»։
Միլլերը պատասխանել է․ - «Ես ուղղակի կասեմ այն, ինչ նախկինում ասացի. Ես չեմ ուզում խոսել վաղը կայանալիք լսումների մասին, բայց կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալու տուն, եթե ցանկանում են դա անել, և այդ իրավունքը պետք է պահպանվի»։
Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում հայտարարեց, թե Բաքվի քարոզած «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստություն է։
Վարչապետը համաժողովի ամբիոնից հրապարակեց վերջին երեք տասնամյակում բռնի տեղահանված հայերի թիվը՝ 500 հազար, որից 360 հազարը 90-ականներին Սումգայիթի ու Բաքվի ջարդերի հետևանքով են փախստական դարձել, 26 հազար մարդ 44-օրյա պատերազմի հետևանքով է հեռացել Լեռնային Ղարաբաղից, իսկ լայնածավալ վերջին հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 հազար հայեր ստիպված են եղել լքել տները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը