Պուտինը պնդում է, թե անկարգությունները Մախաչկալայի օդակայանում հրահրվել են դրսից, մասնավորապես, Ուկրաինայից

Վլադիմիր Պուտինը և Հանրային խորհրդի նոր անդամները, Մոսկվա, 3 նոյեմբերի, 2023թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանրային խորհրդի նոր կազմի հետ հանդիպան ընթացքում խոսել է Գազայի մասին և այդ կապակցությամբ պնդել է, թե Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդակայանում հակահրեական ակցիաները դրսի ուժերն են կազմակերպել՝ Ուկրաինայի օգնությամբ:

«Ինձ զարմացնում է անդրօվկյանոսյան գործիչների դիրքորոշումը, նրանք, կարծես, սատարում են Իսրայելին, բայց Ուկրաինայում իրենց գործակալների ջանքերով փորձում են մեզ մոտ հակահրեական պոգրոմներ կազմակերպել, դա պարզապես աներևակայելի խոզություն է»,- ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարի փոխանցմամբ՝ այս դեպքում կարելի է խոսել Ռուսաստանի դեմ պայքարելու և Ռուսաստանը ներսից ապակայունացնելու փորձերի մասին։

Խոսելով Մախաչկալայի օդակայանում հրահրված անկարգությունների մասին՝ Պուտինն ասել է, որ գիտի, որ հրահրումները սոցիալական ցանցերի միջոցով իրականացվել են «արտերկրում ապրող մարդկանց կողմից, այդ թվում՝ Ուկրաինայում»։