Մատչելիության հղումներ

Ռուս քննիչները պարզել են Մախաչկալայի օդակայանում բախումների մասնակիցներից ավելի քան 20-ի ինքնությունը


Ոստիկաններն օդակայանի տարածքում, Մախաչկալա, 30 հոկտեմբերի, 2023թ.
Ոստիկաններն օդակայանի տարածքում, Մախաչկալա, 30 հոկտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի քննչական կոմիտեն բացահայտել է ավելի քան 20 կասկածյալների, ովքեր ակտիվորեն մասնակցել են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդակայանի տարածքում օրերս տեղի ունեցած զանգվածային անկարգություններին:

«Այսօր պարզվել է անկարգությունների ակտիվ մասնակիցների՝ ավելի քան 20 կասկածյալների ինքնությունը։ Նախնական տվյալներով, պատճառված վնասը կազմել է հարյուր միլիոն ռուբլի։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ վնասի ճշգրիտ չափը հստակեցնելու համար»,- ասվում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Այս տարվա հոկտեմբերի 29-ին մեծ թվով մարդիկ զանգվածային անկարգությունների են մասնակցել օդակայանի տարածքում՝ բողոք հայտնելով Թել Ավիվից Մախաչկալա ժամանող ուղևորատար ինքնաթիռի վայրէջքի դեմ:

Նրանք հայտարարել են, թե իրենց համերաշխությունն են հայտնում պաղեստինցիներին և Իսրայելից պահանջում են դադարեցնել հարձակումը Գազայի հատվածի վրա:

Ակցիայի մասնակիցները՝ հիմնականում երիտասարդ մոլեռանդ տղամարդիկ, ոչ միայն ներխուժել են օդակայանի միջազգային տերմինալ, այլև հասել են թռիչքուղի: Անկարգությունների մասնակիցները՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով, օդակայանի տարածքում և հարևանությամբ կայանված ավտոմեքենաներում հրեա ուղևորների են որոնել:

Օդակայան հասած ոստիկանների ուժեղացված ջոկատի և ակցիայի մասնակիցների միջև տեղի են ունեցել ընդհարումներ, տուժել են մոտ երկու տասնյակ մարդիկ, այդ թվում՝ իրավապահներ: Մոտ 80 մարդ ձերբակալվել է:

Դաղստանի ղեկավարությունը և Կրեմլը դատապարտել են մոլեռանդ իսլամիստների կազմակերպած անկարգությունները և հայտնել, թե նրանք, ովքեր ուզում են պայքարել իրական չարիքի դեմ, ավելի լավ է մեկնեն ռազմաճակատ՝ մասնակցելու Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG