Փարիզի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում, ենթադրաբար կենցաղային գազի պայթյունի հետևանքով, տուժել է առնվազն 37 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունիսի 21-ին, ժամը 16.50-ին:
Ականատեսները և հարևան շենքերի բնակիչները AFP-ին պատմել են «ուժեղ պայթյունի» և «գազի հոտի» մասին։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ չորս հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել նաև հարևան շենքում, որն ավելի ուշ հանգեցրել է փլուզման։ Փրկարարները երեկոյան շարունակել են երկու անձի որոնումները։
Պայթյունի ալիքը փշրել է 400 մետր շառավղով գտնվող տների պատուհանների ապակիները:
Հրդեհի մարմանը մասնակցել է 270 հրշեջ, ինչը կանխել է դրա տարածումը շրջակա շինություններ։
2019 թվականին Փարիզի 9-րդ թաղամասում կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 4 զոհ, 50 վիրավոր Փարիզում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով