Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել Հաղթանակի օրը վերանվանելու և այն մայիսի 9-ի փոխարեն մայիսի 8-ին նշելու օրինագծին:
Փաստաթուղթը կառավարությանն են ներկայացրել «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության մի խումբ պատգամավորներ։
Նրանք առաջարկում են մայիսի 8-ը նշել որպես «Հիշատակի և հաշտության օր՝ ի պատիվ
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների»:
Պատգամավորները նշել են, որ ուզում են նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում քննարկելուց առաջ ստանալ կառավարության դրական եզրակացությունը:
Նախագծի հեղինակների փոխանցմամբ՝ «Գերմանիան հակահիտլերյան կոալիցիային անվերապահ հանձնվելու ակտը ստորագրել է 1945 թվականի մայիսի 8-ին, հետևաբար՝ դա պետք է համարվի նացիզմի նկատմամբ հաղթանակի օրը»:
Հաղթանակի օրվա անունը և ժամկետը փոխելու օրինագծին կտրականապես դեմ են կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի պատգամավորները: Նրանք օրինագծի քննարկման ընթացքում բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ: