Երևանը պնդում է` ադրբեջանական զինուժը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, Բաքուն հերքում է

Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել է Երևանի պնդումը՝ նշելով. - «Մենք կտրականապես հերքում ենք մյուս կողմի տարածած այս տեղեկությունը»:։

Ավելի վաղ էլ հայկական կողմը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Կախակնի (Գեղարքունիքի մարզ) ուղղությամբ կրակ են բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա։ Սա ևս Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է: