ՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Երևանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին, ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Ըստ ԱԽ գրասենյակի՝ կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին։

Անկարայում ընթացող գագաթնաժողովին Ադրբեջանի ղեկավարը շարունակել է իր մեղադրական հռետորաբանությունը, նշելով, թե Հայաստանը չնայած 2022 թվականին «Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռ ամբողջովին դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից»։ Ալիևը նաև հայտարարել է, թե «Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրյան միջանցքը բացելու պարտավորությունից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի հայտարարության պայմանները և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թյուրքական երկրների գագաթնաժողովում Ալիևն ասել է, որ Հայաստանը պետք է պատասխանատվություն կրի «զանգեզուրյան միջանցքը» չբացելու համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևի ելույթը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների և ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր. ԱԳՆ

Գրիգորյանն ու Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղըզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:

Տասմագամբետովը երեկ է ժամանել Երևան։ Նա հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, եղել է Ջերմուկի ռմբակոծված վայրերում, այսօր էլ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո Հայաստանը օրերս հայտարարեց, որ հրաժարվում է ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ