Երեկ վնասվածքներով հոսպիտալացված 4 զինծառայողի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երեկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության, Ֆեյսբուքում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ նախնական տվյալներով զինվորները վնասվածքները ստացել են նույն օրը Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում․ «Մերսեդես» մակնիշի մեքենան վարել է զինվորներից մեկը, նա կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2022-ին ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է ավելի քան 4 հազար դեպք․ զինդատախազ

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեկան վարույթ՝ տրանսպորտային միջոցի վարողի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշով, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։

Աբրահամյանը նշում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2023-ին Զինված ուժերում արդեն 20 զինծառայող է մահացել՝ ոչ հակառակորդի կրակոցից