Ռեջեփ Էրդողան. «Մենք մեկ տարում մինչև 270 հազար տուն կկառուցենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աղետի գոտում, Հաթայի մարզ, 21 փետրվարի, 2023թ.

Վաքըֆլիի հայկական եկեղեցին լուրջ վնաս է կրել

Փետրվարի 22-ը բացվեց տագնապալի լուրով՝ Լիբանանի հարավում տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին գրանցվեց 4 ամբողջ 3 մագնիտուդով երկրաշարժ, ցնցումներ զգացվեցին նաև Պաղեստինում և Իսրայելում: Բարեբախտաբար, տուժածներ չկան, բայց ակնհայտ է, որ փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժ վերապրած տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը դեռ չի մարում:

Թուրքիայում և Սիրիայում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 48 հազարը: Իսկ այս շաբաթասկզբի նոր երկրաշարժերը Թուրքիայում նոր ավերներ են բերել, զոհվել է առնվազն 6 բնակիչ, ավելի քան կես հազար մարդ տուժել է:

Քանդվել են փետրվարի 6-ի հարվածից մասամբ վնասված բազմաթիվ կառույցներ, այդ թվում` ծանր վնասվել է միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլիում, Սուրբ Մարիամ Աստածածին եկեղեցին: Գյուղի ավագ Պերճ Քարթունի փոխանցմամբ, այն այլևս պիտանի չէ եկեղեցական արարողությունների համար:

Նախընտրական թիվ մեկ խոստումը՝ բոլոր աղետյալներին ապահովել տներով

Թուրքիայում տասնյակ միլիոնավոր մարդիկ են տուժել, փաստորեն ավերվել է հսկայական տարածք, որը կտեղավորեր եվրոպական մի քանի ոչ մեծ պետություններ:

Սա ինքնին ծանրագույն մարտահրավեր է ցանկացած իշխանության համար, սակայն Թուրքիայում կա լրացուցիչ գործոն՝ առջևում ընտրություններ են: Եվ ահավասիկ գործի է դրվում հին փորձարկված մեխանիզմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստանում է պատժել մեղավորներին ու վերականգնել ծանր հարված ստացած հայրենիքը:

Այդ մասին նա խոսում է աղետի գոտի կատարած այցերի ընթացքում: Երեկ նա հայտարարել է, որ մեկ տարում կկառուցվի մինչև 270 հազար տուն:

Գազիանթեփի մարզի Նուրդաղի ավանում դիմելով աղետյալներին՝ նախագահը խոստացել է, որ վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն մի քանի օրից՝ մարտ ամսի սկզբին:

Երկրի 11 մարզերում կկառուցվի մինչև 200 հազար շենք, ևս 70 հազարը կկառուցվի տուժած շրջանների գյուղերում: Էրդողանի խոսքով, առաջիկա ամիսներին մասնագետներն աղետի գոտում կվերլուծեն իրավիճակը և կորոշեն կառուցվելիք շինությունների հստակ թիվը:

Նախագահը հորդորում է չհուսահատվել

Նա ասել է, որ միայն Գազիանթեփի մարզից երկրի այլ շրջաններ է տարհանվել 87 հազար բնակիչ: Նախագահը հավաստիացրել է, որ Գազիանթեփի վերկականգնման ընթացքում հաշվի կառնվեն շրջանի պատմական և էթնիկ յուրահատկությունները:

Էրդողանը ժողովրդին դիմել է միասնության կոչով, կոչ է արել չհուսահատվել, չմատնվել խուճակի, չլսել սադրիչներին և հավատացրել, որ ժողովուրդը և պետությունը միասին կհաղթահարեն այդ դժբախտության հետևանքները:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների պետական վարչության փոխանցմամբ, երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 42 հազար 300-ը: Աղետից հետո փրկվել է ավելի քան 115 հազարը: 139 հազար շինություն կամ ավերվել է, կամ այն աստիճանի վնասվել, որ պետք է շտապ կարգով քանդել:

Ապագայում աղետի գոտում կլինեն միայն 3 կամ 4 հարկանի շենքեր

«Վրաններում են գտնվում 865 հազար բնակիչներ, կոնտեյներային տներում՝ 23.5 հազար, մեկ տարում մենք բոլորին կապահովենք նոր տներով, կվերականգնենք ոչ միայն քաղաքներն, այլև գյուղերը»,- խոստացել է նախագահ Էրդողանը:

Նրա փոխանցմամբ, աղետի գոտում կառուցապատումը կիրականացվի «հորիզոնական ճարտարապետության» սկզբունքով, կկառուցվեն միայն 3 կամ 4 հարկանի շենքեր:

Հենց այս պահին աղետի գոտուն պետք են բժիշկներ

Աղերի գոտի՝ նշանակում է միաժամանակ ամեն բանի կարիք: Մարդկանց պետք են կացարաններ, ջեռուցում, հագուստ, սնունդ, ջուր:

Անհրաժեշտ է նաև կանոնավոր բուժօգնություն: Ոչ միայն բնակելի տներն, այլև բուժհաստատություններն են քանդվել, ընդ որում ժամերի ընթացքում անգամներով ավելացել է հիվանդների թիվը:

«Այս պահին մեզ խիստ անհրաժեշտ են բուժաշխատողներ, բժիշկներ, բուժքույրեր: Որակյալ մասնագետներ են պետք հենց հիմա, հատկապես օրթոպեդներ, թերապևտներ, վիրաբույժներ, էնդրոկրինոլոգներ»,- ասել է բժիշկ Էմրա Ունալը:

Փետրվարի 6-ից հետո եղել է 7242 հետցնցում

Փետրվարի 6-ի երկու հզոր երկրաշարժերից հետո Թուրքիայում գրանցվել է 7 հազար 242 հետցնցում:

«Դրանց մեկ քառորդի ուգնությունը հասել է 5 և 6 մագնիտուդի»,- հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների պետական վարչության ղեկավար Օմար Թաթարը:

Անվտանգության գրավականը շենքի որակն է

Փորձագետները համոզված են, որ զոհերի թիվը շատ ավելի նվազ կլիներ, եթե շենքերը կառուցվեին որակով և սեյսմակայունության տեխնիկական նորմերի պարտադիր պահպանմամբ:

Թուրքիայում շինարարական բիզնեսի ամենաազդեցիկ դեմքերն այս կամ այն կերպ կապեր ունեն Անկարայի վերնախավի հետ: Ժամանակին նրանք առավելություններ են ստացել տենդերների համար մրցույթներում:

Գաղտնիք չէ նաև, որ հաճախ Թուրքիայում «լեզու են գտել» անհրաժեշտ նորմերին համապատասխանությունը պարզելու համար ժամանող տեսուչների հետ:

Փլուզված շենքերի գործերով արդեն կալանավորված է 160, և ձերբակալված է ավելի քան 560 անձ, արձակվել են ևս 71 կասկածյալներին կալանավորելու և 61-ին բերման ենթարկելու որոշումներ:

Այդ մարդիկ, ըստ իշխանության, պետք է պատասխանատվության ենթարկվեն անորակ շենքեր կառուցելու և շահագործման հանձնելու համար:

Հապճեպ կառուցապատումը՝ հաջորդ աղետի բաղադրատոմս

Փորձագետների համոզմամբ, վերականգնման գերարագ ծրագիրն ինքնին «հաջորդ աղետի բաղադրատոմս է»:

Ով կերաշխավորի, որ ընդամենը մեկ տարում 270 հազար շենքեր կառուցելիս բոլոր նորմերը պարտադիր կպահպանվեն և սոսկ հանուն այդ ժամկետում տեղավորվելուն փոխզիջումներ չեն արվի, օրինակ, հիմքերի ամրության, բետոնի և ամրալարի որակի ու մնացած տեխնիկական առաջադրանքների հարցերում:

Ըստ որոշ փորձագետների, տեսականորեն հնարավոր է արագ կարգով բազում շենքեր կառուցել, բայց դրանք էլ ավելի արագ կավերվեն, եթե մի նոր ողբերգություն պատուհասի սեյսմիկ գոտում գտնվող երկիրը: