Արցախից ևս չորս հիվանդ այսօր տեղափոխվել է Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս չորս հիվանդներ այսօր տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունը նաև նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում դեռ դադարեցված են պլանային վիրահատությունները, «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխաներ նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում են, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 11 բուժառուներ վերակենդանացման բաժանմունքում են, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 48 հիվանդ։

Լաչինի միջանցքը արդեն 43 օր շարունակում է փակ մնալ: Ադրբեջանական կողմը երեկվանից կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Արցախում կտրոններով են ապրանքներ տրամադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման 41-րդ օրն է. Արցախն այսօրվանից անցնում է հոսանքի անջատումների նոր ռեժիմի