Արցախում նախարարներ են նշանակվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել։

Այսպես, արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Համաձայն նախագահի հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարար:

Արամ Սարգսյանը կղեկավարի Քաղաքաշինության, Արմեն Մանգասարյանը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները:

Արմեն Մանգասարյանը զբաղեցնում էր Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը: Այդ պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:

Արցախի կառավարությունում պաշտոնանկությունները սկսվեցին նոյեմբերի վերջին։ Նախարարի պաշտոններից ազատվել էին նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ գտնվող ոլորտների բոլոր պատասխանատուները՝ 11 նախարարություններից 9-ի ղեկավարները։

Իրենց պաշտոնները պահպանել էին միայն ներքին գործերի ու պաշտպանության նախարարները՝ Կարեն Սարգսյանն ու Կամո Վարդանյանը, նրանց ոլորտների համակարգումը նախագահին է վերապահված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը նախարարներ է նշանակել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում քննարկումներ են նշանակվելիք նախարարների վերաբերյալ. պետնախարարի խորհրդական