Վաշինգտոնը կենտրոնացած է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա․ Նեդ Փրայս

Վաշինգտոնը կենտրոնացած է լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա, երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է միջանցքի հետ կապված իրավիճակին։

«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի վրա, լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա, այս երկու երկրներին [Հայաստան, Ադրբեջան] տևական, համապարփակ կարգավորման ուղու վրա դնելու անհրաժեշտության վրա: Մենք արտաքին գործերի նախարարի մակարդակով կազմակերպեցինք հանդիպում այստեղ՝ Վաշինգտոնում: Մենք դա արեցինք նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Բացի այդ Ֆիլիպ Ռիքերը՝ մեր ավագ խորհրդականը, ակտիվորեն ներգրավված է երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության մեջ՝ համոզվելու, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Փրայսը:

Արդեն ավելի քան 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ և հենց ճանապարհի մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Շաբաթ առավոտյան Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիների փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Երկուշաբթի օրը, ի նշան բողոքի, ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը՝ պահանջելով հանդիպում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքը շարունակում է երկկողմանի փակ մնալ