2020-ի նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ․ Արցախի օմբուդսմեն

2020-ի նոյեմբերի 10-ից 2022-ի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ) հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Վերոնշյալ ժամանակահատվածում, ըստ Ստեփանյանի, Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական և մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը արցախահայերի սպանության 54 փորձ է արել․ Փաշինյան

Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով, հայտնում է պաշտպանը՝ շեշտելով՝ հայկական կողմին վերադարձված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է։

Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ, Ադրբեջանը թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասել կամ ոչնչացրել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակել մանր և խոշոր եղջերավոր անասուններ՝ նկատելով՝ պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։

Ընդգծելով, որ ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես մտնում են այգիները և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն՝ Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ նման վարքագծի հետևանքով սպանվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը, Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը։

«Այս բոլոր գործողությունները Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները», - գրել է Արցախի օմբուդսմենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ԼՂ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հայությունը ինչո՞ւ չի զգում դա. Փաշինյանը՝ Ալիևին (լրացված)