Զելենսկի. «Ուկրաինան «կեղտոտ ռումբ» չունի, կեղտոտը Մոսկվայում նստած գլուխներն են»

Ուկրաինա, հոսանքազրկված քաղաքներ

Մոտ 4,5 միլիոն ուկրաինացիներ՝ բնակչության նախապատերազմյան թվի ավելի քան 10 տոկոսը, ռուսների հրթիռակոծությունների հետևանքով մնացել են առանց էլեկտրականության: Այդ մասին գիշերային տեսաուղերձում հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Հիմա մեր համազգային պարտավորություններից մեկն է դիմանալ ռուսների էներգետիկ ահաբեկչությանը և հաղթահարել այս փորձությունը», - ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, ռուսների հարձակումների հետևանքով խափանվել է մայրաքաղաք Կիևի և երկրի 10 այլ շրջանների հոսանքի մատակարարումը:

Զելենսկին բնակիչներին և տեղական իշխանություններին հորդորել է առավելագույն չափով խնայել էլեկտրականությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առավոտյան Կիևում 450 հազար բնակարան հոսանքազրկվել է

Նա գովեստով է արտահայտվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների ստուգումներից հետո հրապարակված եզրակացության մասին, ըստ որի՝ Ուկրաինայի միջուկային հիմնարկներում «կեղտոտ ռումբ» ստեղծելու վկայություններ չեն հայտնաբերվել:

«Ուկրաինան «կեղտոտ ռումբ» չունի, միակ կեղտոտ բանը, որ կա մեր տարածաշրջանում, Մոսկվայում նստած գլուխներն են, որոնք զավթել են պետական իշխանությունը Ռուսաստանում և ահաբեկում են Ուկրաինան ու ամբողջ աշխարհը», - ասել է Զելենսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կստուգի Ուկրաինայում գտնվող երկու միջուկային օբյեկտները