Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը բավականին սենսացիոն զարգացում է, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ նշելով՝ այն կարելի է համարել պատմական իրադարձություն։
Գրիգորյանը սա համարեց ռուս-ուկարինական պատերազմի հետևանք՝ շեշտելով՝ եթե այդ պատերազմը չլիներ, եթե Ռուսաստանի վերջին շրջանի անհաջողությունները չլինեին, տարածաշրջանում վերջին ամիսների ընթացքում ձևավորված ուժային վակուումը չլիներ, այս առաքելության ուղարկումը ևս դժվար կլիներ։
«Մի տարածաշրջան, որը բոլորի կողմից համարվում է Ռուսաստանի առանձնահատուկ շահերի և պատասխանատվության գոտի, ուղարկվում է նմանատիպ առաքելություն։ Եկեք հիշենք, որ 21 թվականի մայիսի 12-ից հետո ևս ակտիվ խոսակցություններ կային, ակտիվ հայտարարություններ կային հայկական կողմից, որ պետք են, կամ չէր բացառում միջազգային առաքելությունների ուղարկումը, բայց այն ժամանակ տեսանք, որ իրական քայլերի գործը չհասավ։ Կարծում եմ, որ առաջին հերթին սա հենց աշխարհաքաղաքական վերջին զարգացումների արդյունքն է, որ այժմ հնարավոր է դարձել նման առաքելության ուղարկումը հակամարտության գոտի կամ հայ-ադրբեջանական սահման», - ասաց Գրիգորյանը։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը և՛ս ԵՄ դիտորդների տեղակայումը համարեց ուկրաինական զարգացումների ուղղակիորեն հետևանք, միևնույն ժամանակ շեշտեց՝ կարևոր է որպեսզի հանրության շրջանում չգերագնահատվի հնարավոր դիտորդական ներգրավման դերակատարումը տվյալ իրավիճակում։
«Ունենք նաև շատ մոտ օրինակ նույն Վրաստանում․ դիտորդների ներկայությամբ, նրանց աչքի առաջ և՛ շփման գիծ է փոփոխվել, և՛ քաղաքացիներ են անհետացել, այսինքն՝ միջադեպերը դրանք չեն կարող բացառել, իհարկե սա կարևոր է, սակայն պետք է բավական ռացիոնալ գնահատել հնարավոր ցանկացած միջազգային ներգրավման կարևորությունն ու դերակատարումը», - ասաց Մինասյանը՝ շեշտելով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի զինված ուժերը գլխավոր խնդիր իրականացնողներն են։
Եվրամիության քաղաքացիական 40 դիտորդները այս շաբաթվա սկզբին կսկսեն դիտորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին։ Երկու ամսով Հայաստան ժամանող դիտորդները 2 հիմնական գործառույթ են ունենալու՝ աջակցելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը, դիտարկելով 2 կողմերի հանձնառությունը հրադադարի պահպանմանը, ինչպես նաև պարբերաբար զեկույցներ են ներկայացնելու զինուժի տեղակայման և հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ։ Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումն, ըստ Եվրամիության, թույլ կտա ավելի արդյունավետ աջակցել 2 կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։
Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․