Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հաստատեց Հայաստանում դիտորդական առաքելությունը


Եվրամիության արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած նիստում վերջնական կանաչ լույս վառեցին Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։

Քաղաքացիական դիտորդների տեղակայման համաձայնությունը ձեռք էր բերվել ամսվա սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Այսօրվա որոշումից հետո ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը նշել էր, որ մնում են հանձնառու իրենց գլխավոր նպատակին։

«Եվրամիության՝ մինչև 40 դիտորդական փորձագետների տեղակայումը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով նպատակ ունի վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, ինչի հետևանքով վտանգվում են մարդկային կյանքերը ու խաթարվում է հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մի ապացույց է ԵՄ լիակատար հանձնառության հասնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերջնական նպատակին»,- ասել է Բորելը։

Փորձագետները Հայաստան են գալու Վրաստանից, որտեղ Եվրամիությունը 200-հոգանոց քաղաքացիական առաքելություն է տեղակայել 2008 թվականից՝ ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո։ Նրանց՝ Վրաստանից գալու պատճառն այն է, որ Բրյուսելը ձգտում է ամեն ինչ արագ իրականացնել, միևնույն ժամանակ նշում են, որ Վրաստանում դիտորդական առաքելությունը այս ամենից չի տուժելու։

Նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարությունը հայտնում է, որ Հայաստան ժամանող փորձագետների նպատակը իրավիճակը տարածաշրջանում դիտարկելը, վերլուծելն ու զեկուցելն է՝ հավելելով, որ առաքելությունը ժամանակավոր է և սահմաններին կմնա ոչ ավելի քան 2 ամիս։

«Դա ընդհանուր ներդրում է Հայասանի անվտանգային նոր միջավայրում». Ռիչարդ Կիրակոսյան

Այս գործընթացի առաջին առանձնահատկությունն այն է, որ Եվրամիությունն ակնկալվածից շատ ավելի արագ գործեց, իսկապես հազվադեպ արագություն Բրյուսելի կողմից, ասում է քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը, որը երեկ հանդիպել է Երևան ժամանած ԵՄ դիտորդների նախնական խմբի հետ։

«Երկրորդ և ավելի էական. քաղաքացիական դիտորդների տեղակայումը նշանակում է, որ հիմա ԵՄ-ն ներդրում կունենա Հայաստանի հարավի անվտանգության գործում։ Այլ կերպ ասած դիտորդները կդառնան Հայաստանի անվտանգության վիրտուալ գերիներ։ Որևէ հետագա հարձակում Հայաստանի տարածքի նկատմամբ կվտանգի նաև Եվրամիության դիտորդների անվտանգությունը, ինչն ավելացնում է Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։ Սա նաև ընդգծելու է, որ Հայաստանի անվտանգությունը լուրջ մտահոգություն է Եվրամիության համար», - նշեց քաղաքական մեկնաբանը։

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական նոր սահմանի երկարությունը գրեթե 1000 կիլոմետր է։ Եվրամիության առաքելությունը կունենա առավելագույնը 40 ներկայացուցիչ, գումարած տեխնիկական որոշ հնարավորություններ։ Ինչպես պետք է 40 հոգին կարողանան դիտարկել այդ սահմանը, հետաքրքրվեցինք Կիրակոսյանից, արդյո՞ք նա այս այս հարցը քննարկել է եվրոպացիների հետ իր հանդիպման ընթացքում։

«Դա ընդհանուր ներդրում է Հայասանի անվտանգային նոր միջավայրում, դա ավելի շատ խորհրդանշական զսպող քայլ է։ Բրյուսելը կօգտագործի նաև արբանյակային նկարահանումներ և տեխնիկական այլ հնարավորություններ ուժեղացնելու ու լավացնելու դիտորդության որակը։ Քանի որ խոսում ենք միայն Հայաստանի հարավի մասին, կարծում եմ նրանց մոտ կստացվի կատարել իրենց առաքելությունը։ Բայց նորից ասեմ՝ սա խորհրդանշական քայլ է ուղղված Ադրբեջանին, որ Հայաստանի նկատմամբ հարձակումները այլևս ընդունելի չեն», - ընդգծեց Կիրակոսյանը։

Առնվազն առաջիկա 2 ամիսների ընթացքում Եվրամիությունը Հայաստանի անվտանգության առումով հանձնառություն է ստանձնել, ասում է Կիրակոսյանը, ում կարծիքով այս ընթացքում եթե անգամ Ադրբեջանը որոշի նորից հարձակվել, ստիպված կլինի վճարել մի գին, որ նախկինում չէր վճարում։

Չնայած նախնական բացասական արձագանքին Կիրակոսյանը չի կարծում, թե Մոսկվան ջանքեր է գործադրելու եվրոպացի դիտորդների՝ այստեղ գալը տապալելու համար, քանի որ ըստ մեկնաբանի, այս քայլը ոչ այնքան Մոսկվայի դեմ է ուղղված, որքան Բաքվին զսպելու համար է։

Մինչդեռ Եվրամիությունում «Ազատության» դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ Բրյուսելում գիտեն, որ Մոսկվան դեմ է դիտորդների տեղակայմանը։ «Սակայն այժմ Հայաստանն ու Ադրբեջանը լուծում գտնելու համար նայում են ոչ թե դեպի Մոսկվա, այլ դեպի Բրյուսել՝ ակնկալելով միջնորդության, գաղափարներ և օգնություն։ Եթե ռուսներին այս ամենը դուր չի գալիս, իրենց գործն է, բայց մեզ դիմել են հենց կողմերը, վերջակետ», - ասում է «Ազատության» աղբյուրը, ըստ որի՝ 1991 թվականից ի վեր Ռուսաստանը ոչ թե փորձել է աջակցել խնդրի լուծմանը, այլ խնդրի մի մասը կազմելով, ավելի է բարդացրել իրավիճակը՝ խորացնելով հակամարտությունը։

Եվրամիության մոտեցումն այլ է, Բրյուսելը ցանկանում է տեսնել կայուն, զարգացած ու ժողովրդավարական Հարավային Կովկաս, նշել է դիվանագետը։

Անցած ուրբաթ օրվանից Հայաստանում է ԵՄ դիտորդների նախնական խումբը՝ տեխնիկական գնահատման առաքելությունը: Նրանք հանդիպումներ են ունեցել ԱԽ քարտուղարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այսօր էլ պաշտպանության և արտգործ նախարարների հետ։

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ըստ հաղորդագրության, քննարկել են «առաքելության լիազորությունները, տեղակայման վայրերը» Միրզոյանն ասել է, որ առաքելության դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։

Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ Եվրամիության դիտորդների այցը ակնկալվում է հենց այս ամիս։

XS
SM
MD
LG