Ղրղըզստանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին Տաջիկստանում

ՀԱՊԿ զորավարժություններ, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղրղըզստանը հրաժարվել է մասնակցել Տաջիկստանում այսօր մեկնարկած՝ ռազմական դաշինքի զորավարժություններին: Այս մասին հայտնում է Ղրղըզստանի պետական լրատվական գործակալությունը` վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը: Պատճառների մասին չի հաղորդվում։

Մինչ այդ էլ պաշտոնական Բիշքեկը հրաժարվել է երկրի տարածքում անցկացնել հոկտեմբերի 10-14-ը նախատեսված «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ։ Այս որոշումը հաջորդել է ղրղըզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ զորավարժությունները

ՀԱՊԿ անդամներ Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմաններին անցած ամիս տասնյակ մարդկանց կյանք խլած ռազմակլան գործողություններից հետո պաշտոնական Բիշքեկը քննադատել է ՀԱՊԿ-ին՝ ակնկալվող աջակցությունը չստանալու պատճառով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրղզստանը հայտնում է, որ Տաջիկստանի հետ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

Ռազմական բախումներից հետո Բիշքեկ էր այցելել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ով երկրի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում հայտարարել է, թե ռազմական կառույցը «պատրաստ է աջակցել ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմանը»։