Ֆրանսիան կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:

Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները, ասված է հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան հայ - ադրբեջանական հակամարտության հարցով խորհրդակցություններ կանցկացնի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը Ալիևի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը