Կիևը հայտարարում է երկրի հարավում հաջող հակահարձակման մասին, իսկ Մոսկվան պնդում է, թե ուկրաինական հակագրոհը ձախողվել է

Մինչ պաշտոնական Կիևը երեկվանից հայտարարում է երկրի հարավում սկսած հակահարձակման մասին, Մոսկվան պնդում է, թե ուկրաինական հակագրոհը ձախողվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդման համաձայն, ուկրաինական զորքերը երեք ուղղություններով հարձակման անհաջող փորձ են կատարել Նիկոլաևի ու Խերսոնի շրջաններում և մեծ կորուստներ կրել։ Ռուսաստանի նախագահի խոսնակն էլ դարձյալ ասել է, թե Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է ըստ Կրեմլի պլանի, և Մոսկվայի բոլոր նպատակները կիրականացվեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալ

Մինչդեռ Ուկրաինայի նախագահը երեկ երեկոյան կոչ էր արել ռուսական ուժերին հեռանալ՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները։ Վլադիմիր Զելենսկին հավաստիացրել է, թե հետ են մղելու ռուսական զորամիավորումներին մինչև ռուս- ուկրաինական սահման. - «Եթե ցանկանում են ողջ մնալ, ժամանակն է, որպեսզի ռուսական զինուժը փախչի։ Գնացե՛ք տուն։ Ուկրաինան վերադարձնում է իրենը»։

Երեկ մեկնարկած հակահարձակման հիմնական թիրախներից մեկը Խերսոնն է։ Ռուսական կողմը պատերազմի հենց առաջին շաբաթներին էր վերահսկողություն հաստատել հարավում գտնվող այս քաղաքի ու Զապորոժիեի շրջանի մեծ մասի վրա։

Հակահարձակման մասին հայտարարած Կիևը, սակայն, շատ տեղեկությունների չի փոխանցում՝ ընդգծելով, որ պատերազմի պայմաններում պետք է զուսպ լինել և ռազմական գործողությունների մասին մանրամասն չխոսել։ Մոսկվան էլ բոլոր հարթակներից պնդում է, թե Կիևի «խղճուկ հակագրոհը» չսկսված ձախողվել է։ Պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունից հետո նույն ոճով սկսեցին խոսել նաև օկուպացված բնավայրերում Կրեմլի նշանակած ղեկավարները։

Խերսոնի շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը, մասնավորապես, իր Տելեգրամ ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որում պնդում է, թե Ուկրաինայի զինված ուժերի հարձակման փորձերը ձախոխվել են. - «Խերսոնը եղել է, կա և կմնա ռուսական քաղաք: Բոլոր հարձակումներն անօգուտ են»։

Մինչդեռ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական հարձակումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել, ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են և Ուկրաինայի հարավ են ուղարկել արևելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության տվյալներով էլ, ռուսական զորքերը օկուպացված Խերսոնի շրջանում անձնակազմի և մատակարարումների խնդիրներ ունեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը պնդում է, որ ճեղքել են ռուսների պաշտպանական գիծը հարավում, Մոսկվան՝ որ հարձակումը ձախողվել է

Ուկրաինական և մի շարք ռուսական աղբյուրներ պնդում են, թե երեկվա հակագրոհի արդյունքում հաջողվել է հետ վերցնել մի քանի գյուղ և առնվազն մեկ հատվածում ուկրաինացիները կարողացել են ճեղքել առաջնագիծը։

Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի այսօրվա զեկույցի համաձայն, Ռուսաստանը սեփական իմիջը պահպանելու համար ձևացնում է, թե Խերսոնի մոտ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացում չկա։

Ամեն դեպքում վերջին օրերին ռազմաճակատում իրավիճակը թեժ է, ուկրաինական բնակավայրերի ռմբակոծություններն էլ չեն դադարում։

Խարկովի քաղաքապետը, մասնավորապես, հայտնել է, որ այսօր առավոտյան քաղաքի հրետակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել են։

Չափազանց վտանգավոր է մնում իրավիճակը նաև Զապորոժիեի ատոմակայանում։ Այս շրջանի օկուպացիոն իշխանությունները հայտնել են, որ երեքշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը «հերթական հարվածն են հասցրել եվրոպայի ամենամեծ ատոմակայանի տարածքին։ Ուկարինական կողմը հակառակն է պնդում՝ թե ռուսական բանակը կայանի տարածքն օգտագործում է ուկրաինական դիրքերին հարվածելու համար։ Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե հուսով է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ ի պատվիրակությունը չնայած ուկրաինական կողմի ռմբակոծությանը, կկարողանա այցելել ատոմայական։ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն արդեն Կիևում է։