Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ահազանգում են` իրենց սեփականության իրավունքը խախտվում է

Տարիներ առաջ գերակա շահ ճանաչված Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ գույքի օտարմանը գործընթացը սկսվել է, իրենք արդեն պայմանագրերի նախագծերն են ստանում։ Սեփականատերերը պնդում են, որ իրենց գույքը շուկայականից էժան է գնահատվել։

Մինչդեռ քաղաքապետարանից շեշտում են՝ թաղամասի բնակիչների ճնշող մեծամասնության հետ գույքը վաճառելու համաձայնություն արդեն ունեն:

«15 տարի է` դուք մեզ գերի ե՞ք վերցրել, չեմ հասկանում, պլեն ե՞ք վերցրել մեզ», - հարցնում է Ֆիրդուսի անվամբ ավելի հայտնի վերակառուցվող 33-րդ թաղամասում սեփականություն ունեցող Ռուբեն Աթոյանը:

Նրան զայրացրել է պայմանագրում նշված գինը. «Իրենք մտածո՞ւմ են, որ կարող են գալ, մեր ձեռքից խլել: Իսկ ես գիտեք` ինչի եմ ասում խլել, որովհետև եթե մարդը որոշում է, որ ինքը պիտի վերցնի, ինքն էլ գինն է որոշում, դրա անունը միայն խլել է: Իմ ընկերներից մեկի տունը գնահատել են, 42 մետրանոց տուն է, շինությունը գնահատել են 19 միլիոն, 14 միլիոն դրամ մաշվածություն են հանել: Ո՞նց են հաշվում մաշվածությունը: Ասում են` տունն ունի 100 տարվա կյանք, չգիտեմ` ինչից իրենք որոշել են, որ դա 70 տարվա տուն է, 0.7-ով բազմապատկում են այդ 19 միլիոնը ոչ օբյեկտիվ, ստանում են ինչ-որ մի թիվ` ենթադրաբար 14 միլիոն, ստանում են 5 միլիոն: 5 միլիոնով տուն կա՞ քաղաքում 42 մետրանոց, գնանք, մի հատ էլ մենք առնենք»:

Ֆիրդուսի այս ոդիսականը չի հանգուցալուծվում արդեն երկար տարիներ: 33-րդ թաղամասը հանրային գերակա շահ ճանաչվել է դեռ 2006 թվականին։ Այն ժամանակ, սակայն, կառուցապատման ներդրումային ծրագիրը չի իրականացվել։ 2018-ի մարտին այս ամբողջ տարածքը կրկին գերակա շահ ճանաչվեց։ Իշխանությունները հայտարարեցին թաղամասի վերակառուցման մեկնարկի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խանջյանի վրա գտնվող բազմաբնակարանային շենքը` գերակա շահ. քաղաքապետարանն այն վերանորոգելը նպատակահարմար չի համարում

Այստեղ նախատեսվում է հրապարակ, նոր փողոցներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։ Նախագիծն ընդհանուր առմամբ 5.5 հեկտար մակերես է ընդգրկում, արժեքը 300 միլիոն դոլար է:

Այս ամբողջ ընթացքում, սակայն, սեփականատերերի ու իշխանությունների վեճը չի ավարտվում։ Այսօր հրավիրված ասուլիսին մի խումբ բնակիչներ հայտարարեցին` գնալու են մինչև վերջ:

Ֆիրդուսի թաղամասի մի շարք բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը մանրամասնեց իրենց դիրքորոշումը` սեփականության իրավունքը դադարեցնելու գործընթացը, գնահատումը գործադիր իշխանությունն ինքնուրույն անել չի կարող: Նրա խոսքով` թաղամասը հանրային գերակա շահ ճանաչելու որոշմամբ կառավարությունը նաև մի կետ է ավելացրել, որը թույլ չի տալիս, օրինակ, այստեղ գույք ունեցողներին որպես փոխհատուցում ոչ թե գումար ստանալ, այլ նույն վայրում հետագայում կառուցվող շինությունում սեփականություն, այս կետն իրենք նույնպես վիճարկում են:

«Կառավարությունը միջամտել է նաև այդ փոխհատուցման վերաբերյալ հնարավոր իրավունքի իրացմանը, այսինքն` օրինակ, ոչ թե գումարի, այլ գույքի միջոցով փոխհատուցում ստանալու: Սա կառավարության երկրորդ կետն է, որ վիճարկում ենք», - այսօր ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետության 46 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքը քանդման վտանգի տակ է

Քաղաքային իշխանությունները, մինչդեռ, պնդում են` այս տարիների ընթացքում ֆիրդուսցիների ճնշող մեծամասնության հետ հարցերն արդեն կարգավորված են 90 տոկոսով: Նրանք խնդրի լուծումը սեփականատերերի հետ բանակցություններն են համարում, որոնք ըստ քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանի` շարունակական են։

Փաստաբան Տիգրան Եգորյանն արձագանքում է՝ կան և դեռ կլինեն բնակիչներ, որոնք համաձայնության կգան, քանի որ շատերի համար դժվար է դատական քաշքուքների մեջ մտնելը. «Այն մարդիկ, ովքեր երկու անգամ ավելի պակաս, քան այսօրվա փոխհատուցման առաջարկվող գինն է, գնով համաձայնության են եկել, եկել են անհուսությունից, նրանք եկել են` իրենց ընկալմամբ հասկանալով, որ իրենց պայքարը լինելու է տևական, և դրա ելքի վերաբերյալ չկա որ մի երաշխիք»:

Իրենց խնդիրներն այսօր լրագրողներին ներկայացրած սեփականատերերն, այդուհանդերձ, ընդգծում են՝ կառուցողական են տրամադրված, կողմ են դեմ առ դեմ քննարկումներին, իսկ իրենց հետ մինչ այս միայն «նամակներով են շփվում»։